Արիաբար մարտնչած, վիրավոր ընկերներին փրկած Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 23 տարեկան
Նոյեմբերի 28-ն ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 23 տարեկան:
Հենրիկը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում։ 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտության բաժին։
Բարի, լուսավոր Հենրիկը մեծացել է անհոգության մեջ՝ շրջապատված սիրով ու գուրգուրանքով։ Ծնողների խոսքով՝ այնքան բարի, համեստ ու հանգիստ տղա էր, որ նրան հենց դրա համար էին սիրում։
«Անչափ բարի, խելացի, համեստ, պարտաճանաչ, օրինակելի աշակերտ էր: Չկար մեկ մարդ, որ Հենրիկին չսիրեր: Բոլորիս համար մեծ ցավ է մեր Հենրիկի կորուստը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Նազարյանը։
2015 թ. հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծնողների խոսքով՝ ծառայության մեկնել է ուրախ սրտով՝ երբեք չմտածելով ծառայությունից խուսափելու մասին։ Լուսակերտում 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխվել է ՊԲ N զորամաս։
Ծնողները Հենրիկին տեսել են 2015 թվականի նոեյեմբերին՝ քրոջ հարսանիքին։ Երբ հարսանեկան արարողության ժամանակ զինվորական համազգեստով մտել է հարսանյաց սրահ, հյուրերն անակնկալի են եկել։
«Վերջին անգամ այդ ժամանակ տեսանք։ Դրանից հետո չի եկել։ Ես էլ կատակի տալով՝ ասացի՝ մյուս քույրիկի հարսանիքին էլ կբերենք։ Որոշել էինք մայիսին գնալ, տեսնել, որովհետև արդեն կարոտին չէի դիմանում։ Ինքն էլ էր սպասում»,- պատմել է մայրը։
Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Պատերազմի լուրն ստանալուց հետո ծնողներին զանգել ասել էր, որ իր համար չանհանգստանան, ամեն ինչ լավ է, դրանից հետո՝ մինչև ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Ծնողներին ասել են, որ մարտական գործողությունների ժամանակ Հենրիկն արիաբար մարտնչել է, մինչև զոհվելը 3 վիրավորի է դուրս բերել, սակայն վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատել է նրան ու հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է:
Հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Չկատարվեց մորը տված խոստումը
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան