Փաստաբանը Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը պարապության հետևանք է համարում
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը մեծ քննադատության է արժանացել սոցցանցերում ու մամուլում։ Օգտատերերից շատերը պատգամավորին ու նրա համախոհներին խորհուրդ են տալիս բանակից հեռու խաղալ։
Հիշեցնենք, որ իշանական պատգամավորն այսօր մանրամասնեց, եթե իր ներկայացրած նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա, ապա կարող են վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել, ապա ստանալ զինգրքույկ։ Իսկ այդ գումարով պատգամավորն առաջարկում է բարելավել պայմանագրային զինծառայողների աշխատանքային պայմանները, զորամասերում ստեղծել մարզասրահներ, լողավազաններ։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, օրենքի նախագիծը նաև խտրական վերաբերմունք է պարունակում, քանի որ սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքների երեխաները չունենալով վճարելու հնարավորություն, զորակոչվելու են։
«Բայց դա միակ խնդիրը չի։ Նման մոտեցման պարագայում չունևորների վիճակն էլ ավելի է ծանրանալու։ Մարդիկ տուն-տեղ ծախելու են, որպեսզի երեխաներին ազատեն բանակից»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե իրավական գիտելիքների պակասի՞, անհեռատեսությա՞ն, թե՞ այլ բանի հետևանք է նման օրինագիծ մշակելը, Վարոսյանը պատասխանեց. «Պարապության հետևանքն է»։
Նա հույս ունի, որ այս նախագիծը կյանքի չի կոչվի, դրա նպատակն էլ հասարակությանը լրացուցիչ անգամ որոշակի զբաղեցնելն է։
Իրավաբանի համոզմամբ, պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում բանակում ծառայելը պետք է լինի սովորական մի բան, բոլորի համար կանխատեսելի սպասելիք։
«Բացի այդ, ես միանշանակ կարծում եմ, որ բանակում չծառայած անձինք Հայաստանի պետական համակարգի հետ առնչություն չպետք է ունենան առհասարկ։ Մենք իրավունք չունենք մեզ այդ շռայլությունը թույլ տալու, եթե անգամ այդտեղ որոշակի իրավունքներ ոտնահարվեն։ Մեր պետությունն այն վիճակում չի գտնվում, որ մենք մեզ այդ շռայլությունը թույլ տանք»,-ընդգծեց Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան