Հայաստանում 315 հազար մարդ աղքատ է. զեկույց
2018թ-ին աղքատության մակարդակը գնահատվել է 23.5% և 2017թ-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով, իսկ 2008թ.-ի աղքատության մակարդակի համեմատ (27.6%)` նվազել է 4.1 տոկոսային կետով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Վիճակագրության համաձայն, սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել:
Ըստ վիճակագրության՝ 23.5% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1%-ը ծայրահեղ աղքատ է, 9.6%-ը` չափավոր աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), իսկ մնացած 12.9%- ը՝ ուղղակի աղքատ է:
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Ըստ վիճակագրության՝ չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:
2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ:
Նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը: 2018թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունն ըստ քաղաքային (24.9%) և գյուղական բնակավայրերի (21.3%) կազմել է 3.6 տոկոսային կետ: Սակայն, Երևանում (19.9%) և երկրի այլ քաղաքներում (30.3%) աղքատության մակարդակի տարբերությունը մեծ է և կազմել է 10.4 տոկոսային կետ:
2018թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 4.2%` 2008թ.-ի 5.1%-ի համեմատ (նվազումը` 0.9 տոկոսային կետ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (նվազումը ` 0.3 տոկոսային կետ):