Պատգամավորն առաջարկում է վճարել 10 մլն դրամ և ծառայել 1 ամիս
«Շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը քաղաքացիների մի մասի համար մտահոգությունների առիթ է հանդիսացել։ Նոր օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին» օրենք, ինչը նախատեսում է արագացված՝ 1 ամիս տևողությամբ զինվորական ծառայություն և 10 մլն դրամ վճար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով, օրինագիծը նախատեսում է՝ պահեստազորը ավելանալու է 1 քաղաքացիով, իսկ ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ. «2005 թվականից ՀՀ-ում կա օրենսդրական կարգավորում, ըստ որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն ծառայել բանակում և հետապնդվում են զինված ուժերում չծառայելու համար՝ ամեն զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ։ Դա մոտավոր 3.6 մլն դրամ են վճարում և ազատվում քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքի նախագիծը ենթադրում է, որ բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք 27 տարեկանից շուտ և վճարեն 10 մլն դրամ, որից հետո անցնել արագացված ծառայության։ Կարգը պետք է հաստատի կառավարությունը։ Այդ մեկ ամսվա ընթացքում քաղաքացիները կսերտեն ծառայելու բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին և ընդգրկվելու են պահեստազորում։ Այսինքն՝ պահեստազորը ավելանալու է 1 քաղաքացիով, իսկ ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ։ Դա 2 պայմանագրային զինծառայողների 2 տարվա աշխատավարձն է։ Այսինքն՝ մենք քաղաքացուն խնդրում ենք շուտ վերադառնալ հայրենիք, մեկ ամիս ծառայել բանակում և վճարել 10 մլն դրամ։ Դրա դիմաց 2 քաղաքացի քո փոխարեն կծառայեն ևս 2 տարի»։
Օրինագիծը 3 շահառու խմբերի համար է։ Հայկ Սարգսյանի խոսքով, 1-ին խումբը մարդիկ են, ովքեր վերադարձել են ՀՀ բնակության, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում ծառայել բանակում։ Պատգամավորի խոսքով, այդ մարդկանց ոչ հայրենասեր անվանելն այդքան էլ ճիշտ չէ։
«Երկրորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում։ Ուստի իրենց երեխաների զորակոչի տարիքը լրանալուց առաջ նրանք արտագաղթում են և վերադառնում ՀՀ՝ երեխայի զորակոչի տարիքը ավարտվելուց՝ 27 տարեկան դառալուց հետո։ Վերջերս նաև պոպուլյար է դարձել, որ մայրերը իրենց արու զավակներին ունենալու համար մեկնում են Կանադա կամ ԱՄՆ։ Երեխաները ծնվում են և ստանում ԱՄՆ քաղաքացիություն և չունեն պարտավորություն՝ ծառայելու ՀՀ բանակին։ Եվ երրորդ խումբը այն մարդիկ են, ովքեր ազգությամբ հայ են, սակայն չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի, բայց ցանկանում են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Նրանք չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որովհետև դրանից հետո կպարտավորվեն ծառայել բանակում։ Բայց արագացված ծառայելու հնարավորության դեպքում նրանցից շատերը կցանկանան ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- նշեց Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանն ասաց, որ այս դեպքում ՀՀ կվերադառնան այն քաղաքացիները, ովքեր չծառայելու համար հայրենիք չեն գալիս. «Բացի այդ կստեղծվեն տեղեր պայմանագրային զինծառայողների համար և մեր բանակը կհամալրվի ֆինանսական միջոցներով։ Արդյունքում՝ բանակում տեղի կունենան բարեփոխումներ։ Ես ճիշտն ասած, շատ երկար եմ մտածել այս նախաձեռնության մասին, մի շարք հարցումներ եմ արել ու կցանկանամ որոշ տվյալներ հաղորդել։ Օրինակ, բանակում ծխող զինծառայողների քանակը 70 տոկոս է։ ՊՆ ուղարկած հարցումներիցս առաջինի պատասխանում նշվել էր, որ զինված ուժերը նման հաշվառում չի անում և չկան տվյալներ, թե մեր զինվորների քանի տոկոսն է ծխում։ Ես անհանգստացել եմ դրանով, և պաշտպանության նախարարին խնդրել եմ նման հաշվառում վարել և այդ թիվը հստակեցնել։ Եթե մեր ՊՆ-ը չի վարում հաշվառում, թե մեր զինծառայողների քանի տոկոսն է ծխում, նշանակում է նրան չի հետաքրքրում այդ հարցը, եթե չի հետաքրքրում, ուրեմն դրա դեմ չի էլ պայքարում։ Ես առաջարկել եմ նման հաշվառում վարել, թիվը ֆիքսել և պայքարել դրա դեմ։ Եվ օրինագծի ընդունվելու դեպքում, երբ մեր քաղաքացիները 10 մլն վճարումը կատարեն, այդ գումարի կեսով պետք է ծառայության մեջ ներգրավվեն պայմանագրային զինծառայողների, իսկ մյուս մասով զորամասերում կառուցել նոր մարզասրահներ, որոշ տեղերում՝ նաև լողավազաններով։ Այսպիոսվ՝ զինծառայողներին կխրախուսենք, որպեսզի զբաղվեն սպորտով և թողնեն ծխելը։ Այսպիսով՝ մենք կունենանք մարտունակ բանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան