Գարեգին Երկրորդ. Արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների
«Բազմազավակությունը երկնային օրհնություն է: Ընտանիքը փոքր եկեղեցի է: Ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու և կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ և օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ և խոնարհությամբ»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ հանդիպմանն ասել է Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գարեգին Երկրորդը ցավով է արձանագրել, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլև փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին: Նորին Սրբությունն ասել է, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երևույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրև մարդու իրավունք կամ ազատության դրսևորում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այդ փորձությունների հաղթահարման և քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայ Եկեղեցու և մասնավորապես հոգևոր հովիվների առաքելությունը` նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլև հայրաբար խնամելու հավատացյալներին:
Հայրապետն ընդգծել է, որ հոգևոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգևոր և բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը:
«Որքան փարված լինենք ազգային ու հոգևոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք և առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում», - ասել է Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձևավորմանը և հոգևոր արժեքների սերմանմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Կրկին թիրախավորվել է ընտանիքը
- Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը. Գարեգին Բ
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան