Առաջին «խելացի» անասնաշենքը բացվել է Շիրակում
Շիրակի մարզի Ազատան համայնքում բացվել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքը, բացմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Նա նշել է, որ այս ծրագրով փորձում են նոր մշակույթ ներդնել անասնապահության ոլորտում` ավանդականից անցնելով կենդանիների ինտենսիվ, անկապ բոքսային պահվածքի, ինչը թույլ կտա ապահովել բարձր մթերատվություն և որակյալ կաթի արտադրություն:
«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում առաջին «խելացի» անասնաշենքը բացվել է հենց Շիրակի մարզում, որը համարվում է ցուրտ տարածաշրջան: Սրանով էլ կոտրվում է այն կարծրատիպը, որ նման պայմաններում թեթև կոնստրուկցիայով անասնաշենքերը կարող են անբարենպաստ լինել կենդանիների համար»,- ասել է փոխնախարարը:
Ընդգծելով, որ ծրագրի շրջանակում ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում` Տիգրան Գաբրիելյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անասնաշենքն օրինակ կծառայի այլ ֆերմերների համար:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, ֆերմերներ, այլ հյուրեր:
Անասնաշենքը կառուցվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Այն նախատեսված է 12 գլուխ կովի ազատ պահվածքի համար: Կից կառուցված է կթի սրահ ստացիոնար մեքենայական կթի համակարգով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ կթել 4 կով: Ներդրված համակարգը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել կթի գործընթացը` կրճատելով կթի համար պահանջվող աշխատուժն ու ծախսվող ժամանակահատվածը և ապահովելով կթի հիգիենան ու կենդանիների առողջությունը:
Անասնաշենքի օդի խոնավության, օդափոխության, լուսավորվածության և ջերմաստիճանի կառավարումն իրականացվում է սմարթ տեխնոլոգիաներով։ Ֆերմայի և կթի սրահի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները շուրջտարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք կնպաստեն կաթնատվության բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան