«Դատական հայց ենք ներկայացնելու պետական կառույցներից մեկի դեմ». Շուշան Դոյդոյան
«Հանրային կառավարման բարեփոխումների կարևոր 5 փոփոխություններից մեկը պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է։ Ուստի մենք հետամուտ ենք տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն»,- այս մասին այսօր «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովի ընթացքում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանի խոսքով, կառավարման համակարգի աշխատանքի թափանցիկության գործում անհրաժեշտ է լրագրողին հնարավորինս արագ տրամադրել տեղեկատվությունը։ «Մեր նպատակն է, որ լրատվամիջոցները ստեղծեն և տարածեն հասարակության համար մատչելի տեղեկատվություն, ինչպես նաև վերահսկեն պետական և համայնքային բյուջեների ծախսերի արդյունավետությունը։ Այս դեպքում կարևոր գործիք է երկխոսությունը իշխանության և լրատվամիջոցների, իշխանության և ՀԿ սեկտորի միջև»,- նշեց Շուշան Դոյդոյանը։
Մի կողմ թողնելով պետական մարմինների հետ գործընկերությունը՝ Շուշան Դոյդոյանը նշեց, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել պետական կառույցներից մեկի դեմ. «Չեմ ասի՝ պետական որ կառույցի դեմ, բայց մենք դատական հայցադիմում ենք ներկայացնելու։ Մենք վստահ ենք, որ մոտ 5 տարի հետո ենք մեր հարցման պատասխանը ստանալու, թե Դալմայի այգիների էկոլոգիական, մշակութային հիմնահարցերը, որովհետև շատ են եղել դեպքեր, երբ մենք հարցման պատասխան ենք ստանում 5 տարի հետո, նույնիսկ մոռացած լինելով, թե ինչից ելնելով ենք այդ հարցումն ուղարկել»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով, իշխանության հետ երկխոսության մեջ մտնելու համար պետք է ինքնանպատակ քննադատություններից զերծ մնալ. «Երբ մենք ասում ենք՝ պետության էսինչ պաշտոնյանը լավը չի, էս համակարգը լավը չի, մենք պետք է նախ ինքներս մեզ գնահատենք՝ հասկանալու՝ ՀԿ սեկտորն ամեն ինչ լավ է անում, թե չէ։ Մեր իրականության մեջ ՀԿ մի ստվար զանգվածի փորձում են տեսնել այս կամ այն քաղաքական ուժի կողքին դիրքավորված։ Դա բարդացնում է մեր աշխատանքը, քանի որ մենք փակ հասարակություն ենք եղել, ու դեպի բաց հասարակություն անցումը երբեք անցնցնում չի լինում։ Բայց եթե հերթը հասնում է համագործակցությանը, պետք է ասեմ, որ ռեալ համագործակցություն կարող է սկսվել այն ժամանակ, երբ պետությունն արդեն գիտի, որ ՀԿ-ն ՀԿ Է։ Այսինքն՝ ՀԿ-ի նպատակը կոնկրետ ոլորտում աշխատանք անելն է, ոչ թե ինքնանպատակ քննադատություն անելը և էս կամ էն ուժին սպասարկելը։
Օրինակ, երբ մենք տրանսպորտի ուղեվարձի բարձրացման ժամանակ գնում էինք քաղաքապետարան ու բողոքում էինք, ինձ ասում էին, որ երբ սննդից կամ խաղալիքներից եմ բողոքում, շատ ճիշտ եմ անում, բայց տրանսպորտի հարցում էդ էդքան էլ ճիշտ չի։ Նույնը խաղալիքի դեպքում. ասում էին, այ, տես, որ էդ 100 դրամների հարցը բարձրացնելիս ճիշտ եք վարվում, բայց էս խաղալիքի թեմայից պետք է կտրվեք։ Էս դեպքում քեզ լավ ես զգում, որ աշխատանքդ արդյունք ունի։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մեր նպատակը լավ բան անելն է»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան