Դասական առումով նախկին տիրոջ դեմ պայքարի իմաստը նոր տեր փնտրելն էր. Տարոն Սիմոնյան
«Հասարակական հակասությունները մարդկային քաղաքակրթության զարգացման մշտական ուղեկիցներն են։ Ներկային ժողովրդավարության պայմաններում կարևորվում է այնպիսի պայմաններ ստեղծումը, որոնք կբերեն հակասությունների հողի վրա ծագող կոնֆլիկտների կանխմանն ու լուծմանը»,- այս մասին այսօր «Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» խորագրով միջազգային կոնֆերանսի ընթացքում նշեց պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը։
Նրա խոսքով, կոնֆլիկտների կանխման գործում կարևոր դերակատարում ունեն ժողովրդաիշխանության ձևերը և ընդհանրապես ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուցիոնալ երաշխիքները։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանի խոսքով, Հայաստանը ընթանում է զարգացման շատ հետաքրքիր փուլով։
«Մենք գտնվում ենք պոստտոտալիտար իրավիճակում։ Մյուս կողմից մեզ ուղղակի մղում են դեպի պոստմոդերնիզմ։ Ես կարծում եմ՝ եղած և դեռ զարգանալու միտում ունեցող կանֆլիկտները վերին աստիճանի անհամատեղելի իրավիճակից է, որը կա մեզ մոտ։ Հայաստանում նոր-նոր փորձում են անցնել այն ճանապարհով, որով Եվրոպան անցել է և եկել է նրան, որ պետք է մերժվեն պոստմոդերնիզմի որոշակի դրսևորումները։ Մենք սոցիալիզմ էինք կառուցում ոչ մարդկային դեմքով, հետո սկսեցինք կապիտալիզմ կառուցել, էլի նույն՝ ոչ մարդկային դեմքով։
Այստեղ խնդիրն այն է, որ քաղաքական մշակույթին չի տրվում այն նշանակությունը, որը պետք է։ Եթե երկրի էլիտան չդնԻ նպատակ՝ բարձրացնել քաղաքական մշակույթը, ապա մենք չենք հաղթահարելու այն խոչընդոտները, որոնք կան։ Ընդհակառակը, մենք ավելի ենք խորացնելու խնդիրները։ Մենք շտապում ենք կիրառել այնպիսի գործիքակազմ, որը դեռ պատրաստ չի կիրառել թե՛ հասարակությունը, թե՛ իշխող էլիտան»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Մեկ և կես տարի առաջ Հայատանում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի գնահատմամբ գերարագ էին, բերեցին իրականության փոփոխության, որի արդյունքը՝ նախկին կապանքներից ազատումն ու նոր կապանքների անցումն էր։
«Անցումային հասարակությունը, որը հին կապանքներից ազատվել է, փնտրում է նոր կապանքներ։ Դասական առումով նխկին տիրոջ դեմ պայքարի իմաստը նոր տեր փնտրելն էր։ Եվ այդ հասարակություններում հիմնական առանձնահատկությունն այն է, որ գերիշխում է հույզը, այլ ոչ՝ բանականությունը։ Որովհետև երբ կապանքները ազատ են, սիրելն ու ատելը ավելի հեշտ է, քան հասկանալը՝ ինչ է կատարվում»,- նշում է Տարոն Սիմոնյանը։
Վերջինիս խոսքով, կարևոր է, որ հասարակության սերուցքը՝ մտավորականությունը տարբեր ամբիոններում ելույթներ ունենա և հասարակությանը ստիպի շարժվել բանականությամբ, այլ ոչ՝ հույզերով. «Այդ մարդկանց միջոցով պետք է մտագրոհ իրականացվի, որպեսզի առաջնայնությունը տրվի բանականությանն ու գիտությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան