Փաշինյան. Ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:
Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին։
«Առաջին արձանագրումը հետևյալն է, որ մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք»,-կառավարության փոխանցմամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ոչ միայն լուծել են տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել են կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:
«Հաջորդ խնդիրը, որ կարևոր է այս համատեքստում՝ վերջին 1.5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում:
Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա:
Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է:
Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դնենք մեր հետագա գործունեության հիմքում»:
Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան