Հիմնական դպրոցի նախկին տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Քննության տվյալներով՝ տնօրենը որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես հոգեբան աշխատանքի է ընդունել իր ծանոթին և թույլատրել ամիսներ շարունակ չհաճախել աշխատանքի և չկատարել հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և դպրոցի բյուջեից խոշոր չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, տնօրենն ստորագրել և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր ու ներկայացրել հաշվապահին: Արդյունքում՝ դրանց հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակցի անվամբ հաշվարկվել և վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է՝ այդկերպ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան