Գլխավոր դատախազ. Չեմ բացառում՝ Միհրան Պողոսյանի քրգործով առավել ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք
«Կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է այդ ընթացակարգն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզման վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է այս իրավիճակներում որոշումներ կայացնում, թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ, կոնվենցիաներն ունեն նաև հստակ և կատեգորիկ կարգավորումներ, յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է լուծումներ ստանան այդ հարցերը։
Հարցին՝ կապ հաստատե՞լ եք Գ. Կոստանյանի հետ, Ա. Դավթյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած չէ, անձամբ։ Որքան գիտեմ՝ քննիչն է կապ հաստատել, բացառիկ իրավիճակ է, շատ հրապարակային շփումներ են եղել, բոլորդ տեղյակ եք այդ մասին»։
Նշենք, որ ՀՔԾ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Գ. Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։
Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն և նաև ձեզ, որպեսզի հետախուզումը վերացվի և կարողանա վերադառնալ Հայաստան, ստացե՞լ եք դիմումը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դեռևս չենք քննարկել, հավանաբար, որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը»:
Խոսելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խափանման միջոցը վերացնելու մասին, նա ասաց. «Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չէ վերացվել: Դեռևս քանի ամիս առաջ ենք մենք հրապարկել, երբ ստացանք հանձնելու մերժում: Երբ երկիրը մերժում է հանձնումը, այլևս մեկ վայրկյան չի կարող որևէ մեկին պահել, այսինքն՝ դա նոր բան չի։ Բայց այս առումով մենք շարունակում ենք քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ, և նկատի ունենալով, որ քրգործն էլ ակտիվ փուլում է, չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով: Բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք մեր գործընկերներն իրավական և արադարացի մոտեցում կցուցաբարեն»:
Հարցին՝ բավարար ծանր չէ՞ Մ. Պողոսյանի հանցանքը, մի քանի հոդվածներով է մեղադրվում, Դավթյանն արձագանքեց․ «Իհարկե ծանր է, իսկ բավարար է, թե անբավարար է, մենք արդեն ասել ենք. եղած իրավիճակում ունենք այն, ինչ ունենք, իմ ասելիքն այն է, որ քրեական գործի քննությունն ակտիվ շարունակվում է, նոր դրվագներ պարզաբանվելու դեպքում մենք մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք, այսինքն՝ նրա արտահանձման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»։
Հարցին՝ ռուսական կողմի՝ նրան չարտահանձնելու որոշման բացատրությունը ընդունելի չէ ՀՀ Գլխավոր դատախազության համար, նա պատասխանեց․ «Եթե ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»։
Հարցին, թե նախօրեին Պյատիգորսկում պայթյունից զոհված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը 2008 թ. «Մարտի 1-ի» գործին ի՞նչ դրվագով էր առնչվում, նա ասաց, որ այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից, որպես վկա հարցաքննվել է:
Պատասխանելով լրագրողի արցին՝ հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի հետ կատարված դեպքը, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինեն «Մարտի 1»-ի գործի հետ, Ա. Դավթյանն ասաց․ «Քրեադատավարական լեզվով դրանք կոչվում են վարկածներ, այսպիսի վարկածներ միշտ առաջադրվում են և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ են իրականացվում: Բայց ձեր մատնանշած անձանց մասով չունենք գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես ձեզ հետ անկեղծորեն կիսվեմ։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պյատիգորսկում պայթյունի մասին
- Պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
- «Փաստ». Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան
- ՔԿ. Հայկ Հարությունյանի մահվան և դրա նախորդող օրվա ընթացքում որևէ անձ նրա առանձնատուն մուտք չի գործել
- Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. ՔԿ
- Հայկ Հարությունյանի մահվան փաստով՝ հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը. ՔԿ