Առաջարկվում է խստացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար սահմանված պատիժը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և խստացել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվությունը։
Օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ նման նախագծի անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով մտահոգիչ վիճակագրությունը։
«Այո, վերջին 1-1,5 տարում շատ բան է արվել, բայց դրանից զինծառայողների ինքնասպանությունների թվի վիճակագրությունը չի փոխվել։ 2018 թվականին բանակում ունեցել ենք ինքնասպանությունների ամենավատ թիվը, գրանցվել է 11 ինքնասպանություն, որից 8-ը ժամկետային զինծառայողներ են, 2-ը՝ սպա, 1-ը՝ պայմանագրային զինծառայող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Համեմատության համար պատգմավորը նշեց, որ նախորդ տարիներին բանակում գրանցվել է 10, 9 դեպք, իսկ այս տարվա այս պահի դրությամբ արդեն իսկ տեղի է ունեցել ինքնասպանության 9 դեպք: «Այս վիճակագրությունը մեզ բերել է այն կարևոր եզրահանգման, որ նախագիծն անհրաժեշտ է», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորները ներկայացրել էին պատժաչափերի իրենց առաջարկները, սակայն կառավարությունն առաջարկել է շարադրել հետևյալ կերպ՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 6-9 տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: Իսկ զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-13 տարի ժամկետով:
Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում են ազատազրկմամբ 8-14 տարի ժամկետով:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության առաջարկներն իրենց համար ընդունելի են։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան