Դիլիջանում մեկնարկել է 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը
Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում տեղի է ունեցել 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումի (BIF 2019) պաշտոնական բացման արարողությունը։
Բացման խոսքով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «e-GovArmenia Consortium»-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «e-Hayq» կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանը և «Instigate» ընկերությունների խմբի տնօրեն Արման Պողոսյանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով ներկայացվում է ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ծավալվում է գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև ձևավորվում է հետագա գործողությունների պլան:
«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ֆորումի ընթացքում արծարծվող գաղափարները հետագայում բռնում են իրականացման ուղին, ինչն այս հարթակը դարձնում է որոշակիորեն բացառիկ։ Այս տարին լի էր մեծ թվով այցերով ու միջոցառումներով, ու եթե վերջին տարիներին մեզ համար կարևոր էր աճ գրանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա այժմ մեզ, առավել քան երբեք, պետք է սևեռել ուշադրությունը ոլորտի բիզնես բաղադրիչի զարգացման վրա», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ «Թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ՀՀ պետական ռազմավարություն», «ՀՀ թվայնացման ռազմավարական մոտեցումներ», «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ինովացիոն եղանակներ», «Երիտասարդացնելով STEM կրթությունը՝ հասունացնում ենք տեխնոլոգիական ոլորտը», «ԲՏԱ լուծումների արտահանման մեխանիզմներ» և այլն: Այս տարի ֆորումն անցկացվում է «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը և վերջինիս զարգացման նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը մեզ դրդում է վերանայել Միության գործողությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարությունը։ Այժմ պետք է նորովի ձևակերպել, թե ինչը բոլորիս համար ապագա տարիներին կհամարվի հաղթանակ տեխնոլոգիական ոլորտում։ Քանի որ այսօր Ֆորումին ներկա գտնվող անհատներից առնվազն հիսունը ներկայացնում են մասնավոր սեկտորը, իսկ քառասունը՝ տարբեր պետական ու միջազգային կառույցներ, այս երկու օրերի ընթացքում մեր առաքելությունը կլինի պետականի ու մասնավորի համար հիշատակածս հաղթանակի պատկերը հնարավորինս մոտեցնելն ու համահունչ դարձնելը», - բացման իր խոսքում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։