Բաբկեն Պիպոյան. Զեղչի մշակույթը Հայաստանում չձևավորվեց, ուստի անհրաժեշտ է միջամտություն
«Չենք կարող միանշանակ գնահատել՝ մեր երկրում «սև ուրբաթ»-ը զեղչեր ունի՞, թե՞ ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառղ» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հայաստանյան խանութների զեղչերի իրական լինել-չլինելու մասին հարցին։
Նրա խոսքով, կան տնտեսվարողներ, որոնք իրականում զեղչում են վաճառվող ապրանքների գները, մյուսներն էլ զեղչի իմիտացիա են անում։
Հիշեցնենք, որ երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ զեղչերի վերաբերյալ ուսումնասիրություն չի անելու, քանի որ այս պահին զբաղված է հինգ այլ շուկաների ուսումնասիրությամբ։ Սակայն եթե լինեն հանձնաժողովին ուղղված քաղաքացիների դիմումներ, ապա հանձնաժողովը դրանց ընթացք կտա։
Բաբկեն Պիպոյանի խոսքով, Հայաստանում խախտումների բնույթն ու մասայականությունն այնպիսին է, որ պետք չէ զուտ գնալ քաղաքացու բողոքի հետևից։
«Մենք ունենք լուրջ խնդիր «զեղչ» հասկացության հետ։ Օրենքով դա կարգավորված չէ, և դաշտը իրավական տեսանկյունից կարգավորված չէ։ Միայն Հարկային օրենսգրքում մի տեղ կա «զեղչ» հասկացություն, ուրիշ ոչ մի տեղ չենք հանդիպի, այսինքն մրցակցային առումով էլ զեղչը համապատասխան սահմանում չունի»,-ասաց ՀԿ նախագահը։
Իրավական դաշտի բացերի պայմաններում, Բաբկեն Պիպոյանի պնդմամբ, անհրաժեշտ է, որ պետական մարմինները նախաձեռնող լինեն՝ ցույց տալու, որ այդ խնդիրն իրենց մտահոգում է։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թերևս պետք է լինի նախաձեռն ող կողմը՝ մոնիտորինգներ անելու, սեփական ուսումնասիրության հիման վրա որոշակի բացեր գտնելու, հանրայնացնելու, որպեսզի ստեղծվի պետություն-քաղաքացի կապ։ Եթե նախաձեռնող քաղաքականություն չի իրականացվում, այս կապը չի ստեղծվի։ Այս առումով պետք են արմատական լուծումներ»,-ընդգծեց սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը։
Որպեսզի այդ փոփոխությունները չլինեն տեղային ու անարդյունավետ, դրանց պետք է նախորդեն ուսումնասիություններ, վերլուծություններ, դրանց հիման վրա մշակել զեղչի ճկուն քաղաքականություն, որը կնպաստի սպառողակենտրոն ու սպառողամետ իրավիճակ ունենալուն։
«Հակառակ դեպքում, մեր երկրում գործորորը հեռուստացույց է ներկրում, հենց առաջին օրը գրում է օրինակ 100 հազար դրամ, զեղչված է 70 տոկոս ու վաճառում է 30 հազար դրամով, ու իրեն բան ասող չի լինում»,-նկատեց նա։
Իսկ մինչ այդ փոփոխությունները կնախաձեռնվեն ու կյանքի կկոչվեն, ՀԿ նախագահը սպառողներին հորդորում է՝ անպայման փորձեն հիշել ապրանքի գինը մինչև զեղչ հայտարարելը, որպես զեղչ չդիտարկեն ապրանքների այն գները, որոնք առաջին անգամ են տեսնում։
«Շատ դեպքերում մենք ապրանք ենք ձեռք բերում՝ չիմանալով նախկին գինը։ Քաղաքացիները պետք է իմանան, որ օրինակ 30 տոկոսով «զեղչված» 42 հազարանոց ապրանքը միշտ էլ այդ գնով է վաճառվել ու չկա որևէ զեղչ կամ գնի իջեցում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում զեղչերի մշակույթը չձևավորվեց, ուստի անհրաժեշտ է միջամտություն, որն ուշանում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում