Գործարար. Առկա են խոչընդոտներ հայ-ուկրաինական բիզնես կապերի զարգացման համար
Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:
Գործարարներն ընդգծել են նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ է հնչել նաև ստեղծել հայ-ուկրաինական արևտրային պալատ, որը հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը:
Գործարարները խոսել են նաև Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և ներդրումների մասին: