Չինական ընկերությունը Ավինյանի հետ քննարկել է նոր պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը
Չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակության ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։
Քննարկվել են նաև պղձաձուլարանի հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական և սպառման շուկաների հարցեր։
Տիգրան Ավինյանն ընդգծել է ինչպես բնապահպանական ամենաբարձր չափանիշների պահպանման, այնպես էլ պարզապես հանքանյութի արտահանումից դեպի մետաղագործություն անցում կատարելու կարևորությունը։
Յան Ցզյանցյանը հետաքրքրվել է նաև Հայաստանում ներդրումներ կատարելու այլ հնարավորություններով, ինչի մասին չինական կողմին կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները պղնձաձուլարանի վերաբերյալ և անցնել առավել առարկայական քննարկումների փուլ։