Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս. Գևորգ Պետրոսյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ առաջարկվում է՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Նրա խոսքով՝ սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է կառավարության կողմից: Ըստ նախարարի՝ առաջարկած կարգավորումներն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով և ստացել են վերջիններիս իրավական կարծիքը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հարցը տալուց առաջ նախ ասաց, որ որևէ մեկը չփորձի անձնական վիրավորանք փնտրել իր խոսքում, քանի որ ինքն այդպիսի նպատակ չունի։
«Ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու»,- նշեց նա։
Պատգամավորը հարցրեց, թե օրենքի նախագիծը վատթարացնո՞ւմ է ՍԴ անդամների կարգավիճակը, թե բարելավում, Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը բարելավում է, քանի որ այն հնարավորություն է տալիս դատավորներին ավելի վաղ անցնելու կենսաթոշակի, քան սահմանված տարիքն է:
Այնուհետև նախարարը մանրամասն ներկայացրեց դրույթները։ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր որևէ հարց կոնկրետ պատասխան չստացավ:
«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն կիրառում: Կամ ժողովրդական խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնես: Եթե ասում եք՝ ՍԴ-ն փոքրամասնություն է, մեծերից չսկսենք, ապա հակառակը՝ եթե դա բարեգործություն է, մեծերից սկսեք: Սկսեք ՏԻՄ մարմիններից, ինչո՞ւ եք տարանջատում դրել: Կամ ասում եք վստահության պակասի մասին: Այդ ո՞նց եք ստուգել վստահության պակասը: Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ժողովուրդը ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի: Դե բոլոր դատավորներին առաջարկեք դա: Ի՞նչ վստահության պակասի մասին է խոսքը։ Գնացեք տեսեք, թե ինչքան բողոքող կա քաղաքապետարանի, կառավարության դռանը: Գնացեք տեսեք, թե ոստիկանության բաժանմունքների մոտ ինչքան դժգոհություն կա»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիները բոլոր պետական մարմիններից էլ դժգոհում են, իհարկե լինում են չհիմնավորված, սուբյեկտիվ դժգոհություններ։
«Դե եկեք բոլորի նկատմամբ այս կանոնը կիրառենք, ասենք՝ ժողովուրդ ջան, ձեզ չեն վստահում, եկեք փողը տանք, գնացեք տունը ոտերներդ պարզեք, հեռուստացույց նայեք, վայելեք կյանքը: Ինչի՞ ենք ընկել ՍԴ այն դատավորների հետևից, որոնք մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն են ընտրվել կամ նշանակվել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նախարարի այն գնահատմանը, թե այս նախագծով բարելավվում են դատավորների կարգավիճակը, Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ ինչի են բարելավում դատավորների կարգավիճակը, եթե նա նորմալ աշխատում է։
«Եթե նորմալ է աշխատում, թողեք թող աշխատեն, եթե վատ է աշխատում, պատժեք, ոչ թե խրախուսեք: Այսինքն՝ այն դատավորները, որոնք ձեզ համար անվստահություն ներշնչում, ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք: Սա ի՞նչ տրամաբանություն է։ Հարգելի պարոն նախարար, ես Ձեզ հարգում եմ որպես իմ նախկին ուսանող և որպես գործող նախարար, անձնական մի ընդունեք իմ ասածները։ Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս: Իմա՞ստը»,- ասաց պատգամավորը։
Նա նաև անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովին. «Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր դիմում Վենետիկի հանձնաժողով, ասում էիք՝ «դրսից տղա է բերում»։ Բա էս ո՞նց է, որ դիմել եք նույն Վենետիկի հանձնաժողով։ Էս ի՞նչ հաշիվ է։ Այսինքն՝ ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողով, ուրիշներին չի՞ կարելի։ Խնդրում եմ հետևել Նիկոլ Փաշինյանի կանոնին և բացառել ստախոսությունը մեր կենսակերպից: Եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր, բարի եղեք ճշմարտությունը խոստովանել»։
Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ այս նախագծի հետևում կանգնած է կոնկրետ անձանց Սահմանադրական դատարանից հեռացնելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան