ՁԻԱՀ-ի ու դրա դեմ պայքարի 40 տարին
Երբ առողջապահության նախարարներն առաջին անգամ որոշեցին դեկտեմբերի 1-ը համարել Աշխարհում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օր, նրանք գիտեին, որ ի տարբերություն այլ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի հարուցիչ ՄԻԱՎ-ը կարող էր արագ տարածվել աշխարհում: Փոլ Կուվատան այս հիվանդության դեմ առաջին պայքարողներից է եղել: Նա հիշում է, թե ինչպես էին այդ օրերին հերթով մահանում հիվանդները:
Հիվանդության դեմ առաջին պայքարողներից է եղել նաև բժիշկ Էնթընի Ֆոուսին: Նա մասնակցել է ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքներին: Եվ այսօր ամեն օր մեկ հաբ ընդունելու դեպքում վարակի հարուցիչը կրող մարդն այդ վարակը չի տարածում ուրիշներին: Կա նաև Տրուվադա անվանումը կրող դեղը, որը առողջ մարդիկ ընդունում են ուրիշներից չվարակվելու համար: Այնպես որ, այս հիվանդությունը, որը միլիոնավոր մարդկանց սպանեց, շուտով ինքն է սպանվելու, ասում է բժիշկը:
Մեծապես կրճատվել է ՄԻԱՎ, այսինքն հիվանդության հարուցիչը կրող մարդկանց թիվը: ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը 2004 թվականից ի վեր կրճատվել է 55 տոկոսով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ու հիմա ամենակարևոր պահանջն այն է, որ հարուցիչը կրող բոլոր անձինք ստանան այդ դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն: Այդ պարագայում հնարավոր կլինի խոսել հիվանդության ի սպառ վերացման մասին:
Իսկ այսօր այս հիվանդությունը շարունակում էտարածվել նախ և առաջ ոչ սպիտակամորթ մարդկանց ու միասեռականների շրջանում: Այն տարածվում է նաև հիմնականում ավելի աղքատ բնակչության շրջանում:
Իսկ անչափահասներն ամենախոցելին են բոլոր երկրներում, քանի որ նրանք են ամենաշատը խուսափում ստուգումներից, նրանց մեծ մասն է, որ չունի բժշկական ապահովագրություններ: Այդ պատճառով շատ է կարևորվում պատվաստման դերը: Այս ուղղությամբ աշխատանքները հուսադրիչ են: Իսկ մինչև պատվաստանյութի հայտնաբերումը, հարկավոր է նախ և առաջ լավ գիտելիքներ՝ այս հիվանդությունը չտարածելու, դրանից չվարակվելու ու պաշտպանվելու մասին: