«Փաստինֆո». Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահի հրամանագիրը
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Դիմումը մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։
Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։
Դատախազության մասին ՀՀ օրենքը 2008 թվականին նաև սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան