Ադամանդագործական նոր գործարանը նախատեսում է արտահանման ծավալները հասցնել 100 մլն դոլարի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը:
Կառավարությունից մանրամասնում են, որ վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է:
«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017թ. մարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան