ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա վստահության խնդիր. Էդմոն Մարուքյան
«Այ, դուք նշում եք, որ ժողովուրդը չի վստահում այս Սահմանադրական դատարանին, և քանի որ հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների դրած մարդկանց, նրանց ծառայած մարդկանց ժողովուրդը չի վստահում, հետևաբար եկեք 630 միլիոն դրամ տանք, էդ մարդիկ գնան տուն։ Հիմա հարցը հետևյալն է՝ ձեր իշխանությունը վստահո՞ւմ է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, կամ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, վստահո՞ւմ է հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, կամ Վանաձորի՝ մանդատագողությամբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին»,- այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծին։
Մարուքյանի խոսքով, այս դեպքում 2 տարբերակ կա՝ առաջին, պետք է իշխանությունն ասի, որ վստահում է այդ մարդկանց, և երկրորդ՝ եթե չի վստահում, ապա ինչու ծրագիր չի ներկայացնում և այս մարդկանց փոխարեն նորերին բերում։
Պատասխանելով Մարուքյանին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նախագիծը վստահության վրա չի խարսխված։
«Այս նախագծի էությունը պայմանավորված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Մենք համոզված ենք, որ մեզ պետք է անկախ սահմանադրական դատարան, իսկ այն դեպքում, երբ ՍԴ դատավորների մի մասը մի ժամկետ է պաշտոնավարում, մի մասը՝ այլ, կա դատավոր, ում օրոք մեկ այլ դատավոր և՛ գալիս և՛ գնում է։ Այս դեպքում անձնական վստահության հարց չկա»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ, այնուամենայնիվ, իր հարցը պատասխան չստացավ։
«Եվ ես պետք է նշեմ հետևյալը. խորհրդարանը քաղաքական մարմին է, և այստեղ ընդունված ցանկացած որոշում քաղաքական ենթատեքստ, առաջնահերթություն և հիմնավորում ունի։ Այս նախագծի և սահմանադրական դատարանի հետ կապված խնդրի վերաբերյալ եղել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, և ըստ էության, դրա սոուսը հետևյալն է՝ ժողովուրդը չի վստահում ինստիտուտին, և այո, անձով պայմանավորված ինստիտուտին։ Եվ ես զարմանում եմ, որ դուք կոնկրետ թիրախավորել եք ՍԴ-ը, և ասում եք՝ էնտեղ ճգնաժամ կա, էն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Դավիթ Ջհանգիրյանին և մեր մյուս գործընկեր քաղբանտարկյալներին դատապարտող դատավորները հենց հիմա Ընդհանուր իրավասությունների առաջին դատարանում աշխատում են։ Եվ ժողովուրդը նրանց վստահում է, իսկ դուք կոնկրետ թիրախավորել եք ՍԴ-ը։ Կոնկրետ հիմնավորում չկա։ ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա վստահության խնդիր»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին