Խաչատուր Սուքիասյանը չի կիսում Գագիկ Ծառուկյանի մտքերը
«Ես պետք է վստահեմ համակարգին: Երբ որ սկսենք վստահել, մենք էլ կդառնանք այն երկրներից, որտեղ որ քաղաքացին վստահում է ցանկացած պաշտոնյայի»,- Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Նա նշեց, որ այսօր պաշտոնյաներ կան, որոնք չեն համապատասխանում, չեն կարողանում, թույլ են, ձախողված են, կան պաշտոնյաներ, որոնք փայլուն կատարում են իրենց աշխատանքը:
Խ. Սուքիասյանի խոսքով, բիզնես գործունեության ծավալման համար պայմանները բարելավել են:
Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտնել էր, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմաններ չկան, բյուրոկրատիան շատ է, Խ. Սուքիասյանը պատասխանեց, որ չի կիսում պարոն Ծառուկյանի մտքերը:
«Ես իմ կարծիքն ունեմ, պարոն Ծառուկյանը՝ իր: Եթե պարոն Ծառուկյանն ասում է, որ խնդիրներ կան, պետք է զբաղվեն դրանցով, որպեսզի չլինեն, ապա պետք է ճշտել խոսքը որ ճյուղերի, թեմաների մասին է գնում»,- ասաց գործարարը:
Նա չի կարծում, որ գործարարներն օրենքից դուրս խնդիրներ են ունենում:
Լրագրողի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունը թափ է առում, համաձա՞ն եք, Խ. Սուքիասյանն ասաց. «Եթե կոռուպցիան վերացած է, դա արդեն հեղափոխություն է, եթե հավասար պայմաններ են, հեղափոխություն է, եթե հակամենաշնորհային գործիքները գործում են, արդեն հեղափոխություն է»: