14 լավագույն ուսանողներ և 6 պատանիներ այց կկատարեն ԱՄԷ
Նախօրեին Երևանում նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնը, որին մասնակցում էր ՀՀ ՊՆ Պատվո պահակախումբը և նվագախումբը, որն այս տարվա փետրվարի 17-ից 21-ը Աբու Դաբիում մասնակցում էր IDEX-2019 ցուցահանդեսին։ Նվագախումբը ներկայացրեց այդ ելույթից մի հատված։
Հայաստանում ԱՄԷ դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին ողջունելով հյուրերին ու նշեց, որ դեկտեմբերի 2-ը էմիրաթցիների համար կարևոր օր է` ԱՄԷ-ի հիմնադրման 48-ամյակը: Դեսպանը նշեց, որ 1971թ.-ի այս օրը էմիրությունները միավորվեցին և սկիզբ դրվեց պետության հաղթական քայլերին՝ հանուն առաջընթացի:
«Սա արտացոլում է նաև էմիրությունների 2021 թվականի տեսլականը, որի նպատակն է պետության հիմնադրման 50-ամյակին ընդառաջ էմիրությունները դարձնել աշխարհի լավագույն և հարուստ պետություններից մեկը: Առաջընթացը, զարգացումը և բարգավաճումը, որ մենք այսօր ապրում ենք ԱՄԷ-ում, ուղեկցվում է հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ։ Այն հիմնված է չափավորության և ճշմարտության, բարության, մարդասիրության, հանդուրժողականության վրա»,- ասաց դեսպանը՝ ներկայացնելով նաև Հայաստան-ԱՄԷ կայուն զարգացող հարաբերություններն ու իրականացվող համագործակցությունը։
Ողջույնի խոսք է ասել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները:
«Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը: Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը: Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Ազգային տոնի միջոցառմանը Հայաստանում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնություններից մեկով «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնի 3 երեխա և 3 պատանի՝ «Իմ ուղին» վերականգնողական ցերեկային կենտրոնից պարգևատրվեցին ԱՄԷ այցով։ ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում սովորող 14 լավագույն ուսանողներ ևս պարգևատրվեցին ԱՄԷ կրթական այցով։ Անակնկալներն այսքանով չավարտվեցին, միջոցառման ավարտին հյուրերից 4-ը շահեց ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։
ԱՄԷ ազգային տոնի կապակցությամբ Երևանի ամենամեծ էկրանը լուսավորվել էր Էմիրությունների դրոշով։