Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ է արել, ոչ էլ կարա անի. Ծառուկյան
«Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել»,- այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այն հարցին, թե ինքը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանում ներդրումների համար նպաստավոր պայմաններ չկան, մինչդեռ իր խնամի Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է՝ «եթե կոռուպցիան վերացած է, դա արդեն հեղափոխություն է»։
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի:
«Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել-չմասնակցելն է, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանալ»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի համար 400 մլն դոլարը, որը պետք է դրվեր ոլորտները զարգացնելու համար, որպեսզի տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, բանկում տոկոսներով դրված է։
«Այսօր վարկ են վերցնում ու փոխանակ այդ գումարն արդյունավետ օգտագործեն, բայց կապիտալ ծախսեր չեն արել, տարել դրել են բանկում։ Էդպես ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե իր հանդեպ լավ վերաբերմունքի համար իշխանությունների կողմից իր առջև պայմաններ չե՞ն դրվել, Գագիկ Ծառաւոկյանն արձագանքեց. «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ է արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի: Ծառուկյանի դիրքը, կշիռը այնպես է եղել, Ծառուկյանի ելույթներից երևի տեսնում ենք, որ ես մնացածի նման չեմ: Ծառուկյանն ինչ մտածում է՝ ասում է, Ծառուկյանը չի մտածում, որ վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն։ Ծառուկյանն ուզում է, որ լավ լինի, կապ չունի՝ որ կուսակցությունից է, ում բարեկամն է, Ծառուկյանն ուզում է լավ բան անի իր ժողովրդի, իր պետության համար»։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ են գործարարները ձգտում մոտ լինել իշխանություններին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ որ գործերը լավ լինեն։
«Էսօր բացի Ծառուկյանից ու՞մ են ստուգում։ Ցանկացած օբյեկտ գնացեք նայեք։ Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից ասում են՝ ստուգենք։ Ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա։ Էս երկրում մենակ Ծառուկյանն ա՞ սեփականատեր։ Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանին պիտի ստուգե՞ն։ Իրանց ցավն էլ տանեմ՝ թող ստուգեն, բայց էլ ո՞ւմ են ստուգում, կարա՞ք ասեք»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։