Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք. Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է
«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը». Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերն են։
Այսօր ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի ծննդյան օրն է։
Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։
«Ազգային պատկանելությունը միայն ազգին ծառայելով է որոշվում»,- ասել է Գորգիսյանը։
Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։
1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ Մովսես Գորգիսյանը հուղարկավորված է Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է ՀՀ «Ազգային Հերոս» կոչում:
«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Գորգիսյանի այս արտահայտությունն այսօր ամենատարբեր առիթներով հնչում է: Մովսես Գորգիսյանը չհասցրեց տեսնել իր երազած Հայաստանի անկախությունը, բայց դարձավ դրա կերտողներից մեկը: