Մեզ ձեռնտու է մտնել արտաքին շուկա ավելի արտոնյալ պայմաններում. Շավարշ Քոչարյան
«Այս համաձայնագրի ընդունումը բխում է ԵԱՏՄ պայմանագրի 6-րդ և 7-րդ հոդվածներից, որոնք նախատեսում են, որ ԵԱՏՄ-ը պետք է արտաքին տնտեսական գործունեություն ծավալի՝ մասնավորապես կնքելով տնտեսական ոլորտում համաձայնագրեր առանձին պետությունների, ինտեգրացիոն միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։ Միանգամից նշեմ, որ ՀՀ-ի համար այդ ուղղությունը շատ կարևոր է, դրանից շահում են բոլոր անդամ պետությունները»,- այս մասին այսօր խորհրդարանում կառավարության կողմից ներկայացված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության օրոք հատուկ շեշտադրված էր արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը. «Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Երևանում, մասնակցություն ունեցան 2 պետությունների ղեկավարներ՝ Սինգապուրի վարչապետը և ԻԻՀ նախագահը։ Այս ընթացքում նշված երկրների հետ կնքվել են համաձայնագրեր, բայց այնուամենայնիվ, անհրաժեշտ էր, որ այդ ամենը կանոնակարգվի։ Այս համաձայնագիրը, որը կնքվում է անդամ պետությունների մեջ, հստակ կանոնակարգում է՝ ինչպես պետք է տեղի ունենա ամբողջ գործընթացը։ Ամենակարևոր հատկանիշն այն է, որ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը պարտադիր է։ Վերջնական որոշումն ընդունում է բարձրագույն խորհուրդը, որը նաև լիազորում է՝ ով պետք է ստորագրի։ Բնական է՝ համաձայնագիրը նախատեսում է նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել կամ կասեցնել պայմանագիրը։ Այդ ամենը շատ հստակ նշված է։ Արտաքին տնտեսական գործունեությունը բխում է բոլոր պետությունների շահերից։ Մեզ ձեռնտու է մտնել արտաքին շուկա ավելի արտոնյալ պայմաններում՝ ներկայացնելով մեր արտադրած ապրանքը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարց հնչեցրեց, թե արդյոք քարտեզագրում իրականացվել է և հասկանալի է՝ ինչ է ուզում Հայաստանը՝ արտաքին շուկայում առաջխաղացման համար։
Պատասխանելով Մանուկյանի հարցին՝ Շավարշ Քոչարյանը նշեց, այս համաձայնագիրը միայն կարգ է սահմանում՝ ինչպես պետք է ԵԱՏՄ-ն իրականացնի նման գործունեություն. «Առաջին հերթին տնտեսական բլոկի խնդիր ունենք՝ ունենալ էն ապրանքների ցանկը, որը մեզ համար շատ կարևոր է արտահանման համար, և կոնկրետ ամեն պետության հետ բանակցության ժամանակ առաջ տանել մեր շահերը։ Եվ քանի որ Իրանը միակ երկիրն է , որն ունի ցամաքային սահման ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի միջոցով, բնական է՝ մենք շահագրգիռ էինք և նախաձեռնեցինք համաձայնագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում