Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
20:26
Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունի բաժանմունքներից հետզհետե բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին, ովքեր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Բերման ենթարկվածներից մեկը Էրեբունի բաժանմունքից դուրս գալուց հետո պատմեց, թե ինչպես են բերման ենթարկել իրեն:
«Մուտքի մոտից ուզում էին տանեին, չտարան, շորերս ճղեցին: Հետո Վազգեն Սարգսյան փողոցից տեսաք, թե ինչ ձևով տարան: Իմ արձանագրության մեջ նշված էր, որ չեմ ենթարկվել ոստիկանության պահանջին: Նման բան չկար, բոլորդ տեսել եք»,- ասաց երիտասարդը:
Խոսելով հետագա ծրագրերից, նշեց. «Մենք մեր հետագա գործողությունների մասին հանդես կգանք հայտարարությամբ: Մենք ասել ենք Արայիկ Հարությունյանն այլևս մեզ համար նախարար չի, նա մեզ թող սպասի բոլոր այն տեղերում որտեղ ինքը կա՝ մամուլի ասուլիսների ընթացքում, 23 պետություններում՝ իր այցելությունների ժամանակ: Արայիկ Հարությունյանն ուղղակի կապ չունի ժողովրդավարության հետ: Մենք ժողովրդավար ձևով փորձեցինք հանդիպում կազմակերպել, նա չփորձեց հանդիպել մեզ հետ: Հետո մենք փորձեցինք օրենքի սահմաններում մտնել նախարարություն և հատուկ բաժնում, հեռախոսի միջոցով հարց ուղղել, էլի չթողեցին: Այդ մարդն ուղղակի պոպուլիստ է: Եթե հանդիպման առաջարկ լինի, ապա միայն իր հրաժարակի հարցը քննարկելու համար»:
19:12
«Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դուրս գալով Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտնեց տետևյալը. « Բերման ենթարկվածները հանգիստ նստած են, որևէ բողոք չունեն: Կան բողոքողներ, որ իրենց բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ՝ թե ինչպես են բռնել ոստիկանները, կամ կարմիր բերետավորների կողմից հայհոյանքներ են հնչել: Որևէ մեկը վնասվածք չուներ: Այս պահին կազմվում է արձանագրություններ, և բերման ենթարկվածներին բաց կթողնեն ավելի շուտ, քան երեք ժամը լրանալը»:
18:03
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներով, որոնք բերման չեն ենթարկվել, երթով կշարժվեն Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ուր տեղափոխվել են իրենց ընկերները:
«Մեր պահանջը մնում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բայց հիմա գնանք, տեսնենք մեր ընկերներից քանիսն են բերման ենթարկվել, ինչ հիմքով են հիմա այնտեղ, որտեղ են, դուրս գան այդ բաժանմունքներից, հետո կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին»,- ասաց նա:
Ք.Վարդանյանը նշեց, որ մոտավոր գիտի 10 բերման ենթարկվածի մասին:
Ոստիկանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով մինչև 3 ժամը նրանք բաց կթողնվեն, եթե արարքներում այլ հատկանիշներ չկան: Նա նաև հերքեց, որ ոստիկանները գործողությունների ժամանակ հարվածել են երիտասարդներին:
«Ես չեմ տեսել, ապացուցեք»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե լացող աղջիկներ կային, գնդապետ Պետրոսյանը պատասխանեց. «Է հա, սառը գետնին, որ նստեին, կլացեին, բա ինչ կանեն, ցուրտ է»:
17:55
Տրված ժամանակը լրանալուց հետո ոստիկանությունը սկսեց գործողություն իրականացնել և նստած երիտասարդներին հեռացնել տարածքից: Ֆիզիկական ուժ գործադրելով՝ ոստիկանները մի քանի քաղաքացու մտցրեցին ոստիկանական մեքենա, մյուսներին փորձում են հեռացնել փողոցի երթևեկելի մասից:
Ոստիկանության գնդապետ Պետրոսյանն ասաց, որ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի վարչական վարույթ 182-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը. «Բերման են ենթարկվել այն անձիք, ովքեր հեռացվեցին, կրկին վերադարձան: Ինչպես տեսաք՝ ոստիկանությունը տվեց բավարար ժամանակ, մի քանի անգամ երկարացվեց: Իհարկե, այստեղ այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակում է դիտվում:»:
Նրա խոսքով, ոստիկանության տրվեց ժամանակը լրանալուց հետո արդեն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառվեց օրենքի սահմաննեում՝ հիմնական նպատակը փողոցի բացումն էր:
17:40
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը, ո՞ւժ է կիրառելու, տեղում գտնվող ոստիկաններից մեկն ասաց. «Ոստիկանությունը դեռ օգտվում է իր հայեցողական լիազորությունից: Ոստիկանության գործողությունները լինելու են օրենքի սահմաններում, կախված է իրավիճակից, համաչափության սկզբունքից ելնելով... առաջին անգամ չէ: Ընդամենը 15-20 երեխա են: Ոչինչ, լավ, մի քիչ թող նստեն»:
Պատասխանելով հարցին, թե ոստիկանների գործողությունները համաչա՞փ էին, նա նշեց՝ այո, համաչափ էին, մոտավորապես մեկ ժամ իրենց հորդորել էին հեռանալ:
«Ֆիզիկական ուժն ու բռնությունը մի շփոթեք»,- ընդգծեց ոստիկանը:
Լրագրողի հարցին՝ ֆիզկական ուժն այս պարագայում համաչա՞փ եք համարում, ոստիկանը դրական արձագանքեց:
Նա նշեց, որ երիտասարդները խախտել էին «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, որը սահմանում է հավաքի մասնակիցների պարտականությունները, պարտավոր են չփակել հավաքի անցկացման վայրի կամ հարող տարածքի մուտք ու ելքը, իսկ երիտասարդները փակել էին, իրենց պարտականությունները չէին կատարել, և ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել մուտքն ազատելու համար:
Ոստիկանությունը ժամանակ է տվել երիտասարդներին ազատել փողոցը, սակայն երիտասարդները շարունակում են նստած մնալ Վազգեն Սարգսյան փողոցում ու երգել ազգագրական երգեր:
17:23
Երիտասարդները հեռացան նախարարության մուտքի մոտից, այնուհետև նստեցին ու փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը:
«Մենք այստեղ էինք եկել հաստ թղթածրարով, որպեսզի նախարարի հետ քննարկեինք օրենքի խնդրահարույց կետերը: Չեկավ, որոշեցինք համպատրաստից պերֆորմանս անենք: Այդ ընթացքում ոստիկանները բռնի ուժով մեզ հեռացրեցին: Հիմա այստեղ ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որովհետև նախարարը մեզ այլընտրանք չի թողնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց, որ իր տեղեկատվությամբ իրենց ընկերներից 2-3 հոգի այժմ ոստիկանության Կենտրոնական բաժնում են: Երիտասարդներից մեկը թվարկեց, թե ում են տարել ոստիկանության բաժին՝ Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Գերասիմ և ևս մի քանի հոգի:
«Նոր Հայաստանում, իհարկե, մեզ համար նոր ու հին Հայաստան չկա, իրենց լեքսիկոնով ասած, ոստիկանը ցուցարարին ասում է՝ կթքեմ վրեդ: Կներեք, որ այս արտահայտությունն արեցի: Մի բան հասկացանք, որ ոստիկանությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է, այլ օրվա իշխանության ոստիկանությունն է: Լինի նախկին իշխանության ժամանակ, թե այս իշխանության, այս մասով ոչինչ չի փոխվել»,- ասաց երիտասարդներից մեկը:
Ք. Վարդանյանն ասաց, որ կմնան այստեղ այնքան, մինչև Արայիկ Հարությունյանն իր դիմումը հրապարակի կամ իրենց տանեն իրենց ընկերների մոտ:
16:53
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները նստել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ՝ սպասելով նախարար Արայիկ Հարությունյանին: Ոստիկաններից մեկը հայտնեց, որ նրանք իրենց ակցիան պետք է շարունակեն այլ վայրում, որպեսզի չխանգարեն հարակից շենքերի ազատ մուտքն ու ելքը:
Ոստիկանությունը զգուշացրեց, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավունք ունեն օրենքի սահմանված կարգով հարկադրանքի միջոցներ, այդ թվում ֆիզիկական ուժ կիրառել: ՀՅԴ երիտասարդներին տվեցին 5 րոպե՝ նախարարության մուտքի մոտից հեռանալու համար: Երիտասարդներն էլ հայտարարեցին՝ «արձանագրում ենք՝ ոստիկանները Արայիկ Հարությունյանին տվեցին 5 րոպե ժամանակ»:
5 րոպեն լրանալուց հետո ոստիկանները սկսեցին բրդելով, ուժ կիրառելով հեռացնել մուտքի մոտ նստած երիտասարդներին:
Հիշեցնենք՝ նախքան այս նրանք կես ժամ էին տվել նախարարին, որպեսզի վերջինս իջներ ու իրենց հետ քննարկեր իրենց կողմից բարձրաձայնված պահանջները: Նրանց պահանջները հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը: Նախարարն այդպես էլ չեկավ երիտասարդների հետ հանդիպման:
ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մոտ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին