Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն՝ 13 ուղղություններով. Տաթևիկ Ռևազյան
«Նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն մտցնել, որը կխթանի նոր ուղղություններմ որոնք չենք սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում։ Այս պայմանը դրել ենք, որպեսզի այսօր գործող ավիաընկերությունները իրենց արդեն իսկ սպասարկվող ուղղությունները ժամանակավոր չփակեն և չդիմեն այս արտոնությանը։ Միաժամանակ պահանջում ենք ավիաընկերություններից, որ արտոնություն ստանալուց հետո իրականացնեն իրենց չվերթները ամբողջ տարվա ընթացքում»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ռևազյանի խոսքով, եթե ավիաընկերությունը ուզում է մուտք գործել և աշխատել միայն ամռանը, իսկ ձմեռանը դադարեցնել չվերթները, արտոնություն չի կարող ստանալ։
«Արտոնությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ևս 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ, որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ ավիաընկերության 1-ին թռիչքի մեկնարկից։ Այսինքն՝ եթե ցանկացած ավիաընկերություն որոշի սպասարկել, օրինակ, Ամստերդամ ուղղությունը, որն այսօրվա դրությամբ չսպասարկված է, այդ ավիաընկերությունը կարող է օգտվել այս արտոնությունից։ Եթե 6 ամիս հետո այլ ավիաընկերություն որոշի դեպի Ամստերդամ չվերթ իրականացնել, ապա այդ 2-րդ ավիաընկերությունը կստանա արտոնություն, բայց արդեն 2 և կես տարվա ընթացքում։ Այս մոտեցմամբ, մենք վերացնում ենք այն ռիսկը, որ ավիաընկերությունը մուտք գործի շուկա և բացի, օրինակ, 10 նոր ուղղություններ, և դառնա միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանա արտոնություն»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը։
Ռևազյանը նշեց, որ արդեն իսկ անցկացված բանակցությունների արդյունքներով ուղևորահոսքը 1-ին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300 հազարով. «Հաշվի առնելով, որ մեր ընդհանուր ուղևորահոսքը կազմում է 2.9 միլիոն ուղևոր, սա բավականինմ տպավորիչ թիվ է։ Մեր հաշվարկներով, առաջիկա 3 տարիներին տուրիզմը կնպաստի 1000-ավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ, միլիոնավոր դոլարներ կվճարվեն պետական բյուջե հարկերի տեսքով, ենթակառուցվածքները կզարգանան և կխթանվի մեր գործարարների մուտքը միջազգային շուկաներ։ Բանակցությունները շարունակվում են արտասահմանյան ավիաընկերությունների հետ։ Եվ շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն։ Ավիաընկերության ներկայացուցիչները ասել են, որ պատրաստվում են ամառային սեզոնից իրականացնել 13 ուղղություններով չվերթներ։ Այն իրականացնելու է շաբաթը 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ, ավելի քանի 200 աշխախատեղ կստեղծվի մոտակա ամիսների ընթացքում»։