Դալմայի այգիները դիմացան սելջուկների, թաթարների արշավանքներին, իսկ անկախ Հայաստանը այդ այգիները պահպանել չկարողացավ. Բորիս Գասպարյան
«Խոսքը պատմամշակութային մեծ արժեք ունեցող համալիրի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, Վանի թագավորության Կարմիր բլուր հատվածի վառ արտահայտված խաղողի այգիներն ու գինու մառաններն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը՝ անդրադառնալով Դալմայի այգիներում պատմական հնձանների խնդրին։
Գասպարյանի խոսքով, այգին սեփականաշնորհել չէր կարելի, քանի որ այն ազգային արժեք է։
«2004 թվականին այգին չի մտել Երևանի հուշարձանների ցուցակում և բնականաբար արդեն սեփականաշնորհվել է։ Իսկ եթե օբյեկտը ընդգրկված է հուշարձանների ցուցակում, պետական պահպանության չի հավակնում։ Իմ կարծիքով, խնդիրը միայն Դալմայի այգիների մեջ չէ։ Երևանում շատ կարևոր օբյեկտներ դուրս են մնացել կարևոր հուշարձանների ցանկից։ Սա մեր հասարակության վերաբերմունքն է մեր պատմամշակութային արժեքներին։ Դալմայի այգիները դիմացան սելջուկների, մոնղոլների, թաթարների արշավանքներին և ավերներին, իսկ անկախ Հայաստանը այդ այգիները պահպանել չկարողացավ»,- նշեց Բորիս Գասպարյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն 2018 թվականին վարձակալել է Դալմայի այգիներից 27հա հողատարածք, և այս տարվանից սկսել է կառուցապատում իրականացնել։ ՍՊԸ-ի ներկայացուչից Նարեկ Մարտիրոսյանի խոսքով, ծրագիրը բաղկացած է 3 փուլեից։
«Ներդրումային ծրագիրը փուլային է լինելու, որը ժամանակին ներկայացվել է և՛ քաղաքապետարանին, և՛ կառավարությանը։ Նախագծում նշված են փուլերը՝ որտեղ ինչ է լինելու։ Ընկերությունը շատ մեծ ցավով է տեղեկացել, որ սա պատմամշակութային արժեք է ներկայացել։ Նախագծով մենք ստեղծում ենք ժամանցի կենտրոն, որն ուղղված է և՛ ներքին սպառողի, և՛ զբոսաշրջիկներին ներգրավվելուն։ Եթե ընկերությունը որևէ կերպ պատկերացում ունենար, որ դա հուշարձան է, դա շատ ավելի լավ կկիրառեր իր ծրագիրը իրականացնելու համար։ Որովհետև մարդկանց գրավելու լավագույն տարբերակներից մեկը պատմամշակութային արժեքներ ներկայացնելն է։ Բացի այդ, հնձանի հատվածում մենք պետք է կանաչապատում իրականացնեինք, քանի որ պարտավորվել էինք տարածքի 70 տոկոսը կանաչապատել։ Էդտեղ շինություն էլ չպիտի կառուցվեր»,- նշում է Նարեկ Մարտիրոսյանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ թնջուկն առաջացել է տեղեկացվածության բացակայության պատճառով. «Գործ ունենք տեղեկացվածության բացակայության հետ, ինչից էլ գալիս է այս խառնաշփոթը։ Պետության պատրավորությունն է ունենալ լիարժեք հասկացվածություն՝ ինչ կա այնտեղ։ Ոչ մի երևույթ համակարգված չէ, այդ պատճառով է, որ մենք այժմ փորձում ենք գտնել «մեղավորների»»։