Քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի կուրսանտների հետ
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին թիրախային խմբային քննարկում է անցկացվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի իգական սեռի կուրսանտների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչներ, փորձագետներ, ռազմական համալսարանի դասախոսներ:
Քննարկման նպատակն էր գնահատել կուրսանտների ակնկալիքներն ու պատկերացումներն ապագա զինվորական ծառայության մասին, պարզել նրանց տեսակետը կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման խոչընդոտների վերաբերյալ:
Անցկացված քննարկումն ընթացիկ տարում երկրորդն էր՝ միտված պաշտպանական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը, դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման խնդիրների քննարկմանը: