Բյուջեի վերաբերյալ ԲՀԿ-ի 46 առաջարկությունից ոչ մեկը դրական պատասխան չի ստացել. Սերգեյ Բագրատյան
2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է 46 առաջարկություն, սակայն դրանցից որևէ մեկը դրական պատասխան չի ստացել։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
Մասնավորապես, ըստ նրա, առաջարկել է ֆինանսավորել երեք ծրագիր, որոնցից մեկը վերաբերում է Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի կոյուղագծի կառուցմանը։
«Քաղաքացիները դիմեցին վարչապետին՝ խնդրելով, որ կոյուղագծի համար ֆինանսական միջոցներ հատկացնեն, քանի որ 700 բնակիչ ունեցող թաղամասը կոյուղագիծ չունի։ Վարչապետը խոստացավ ուսումնասիրել հարցը և պատասխանել քաղաքացիներին։ Ես դա որպես առաջարկ ներկայացրել եմ, որպեսզի ներառվի բյուջեի նախագծի մեջ և 2020 թ-ին գումար հատկացվի»,-նշեց պատգամավորը։
Երկորդ առաջարկն, ըստ նրա, վերաբերում է Արտաբույնք համայնքի դպրոցի հիմնանորոգմանը, երրորդը՝ Վայք-Արին ճանապարհի վերանորոգմանը։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ պատասխաններից չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ընթացք է ստացել իր դիմումը։
«Կարծում եմ՝ նման խնդիր կունենան նաև այլ պատգամավորներ, քանի որ ի պատասխան դիմումի նշվում է՝ Ձեր բարձրացրած խնդիրը տեղ կգտնի 2021-2023 թթ-ի բյուջեի կարգավորումների մեջ։ Հիմա չգիտեմ՝ դա ինչ պատասխան է։ Այսինքն՝ կընդգրկվի, թե կքննարկվի, կամ նշվում է՝ 2020 թ-ի բյուջեում կարող է ներառվել, եթե կան նախահաշվային հաշվարկներ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ երկու առաջարկի մասով ունի այդ հաշվարկները և կարող է տրամադրել կառավարությանը։
Պատգավորը նշեց նաև, որ այս հարցերում քաղաքական դրսևորում չպետք է լինի, եթե իշխող խմբակցության պատգամավորը ևս դպրոց վերանորոգելու առաջարկ է անում, ապա պետք է նժարի վրա դնեն, թե որն ավելի հրատապ վերանորոգման կարիք ունի և, ըստ այդմ էլ առաջնորդվեն։