Մակրոն. ԱՄՆ-ին պատասխանը կլինի համաեվրոպական
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան միմյանց սպառնում են նոր պատժամիջոցներով և տուրքերով՝ ամերիկյան ընկերությունների նկատմամբ թվային հարկի շրջանակներում: Միևնույն ժամանակ, երկու երկրների առաջնորդները, որոնք հանդիպեցին նախօրեին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ասում էին, որ պատրաստ են հանգիստ դիտարկել իրավիճակը և արդեն իսկ որոշակի առաջընթաց են գրանցել բանակցություններում: Այս մասին գրում է euronews-ը։
Խոսքը գնում է ՏՏ հսկաների շահութահարկի մասին, որը Ֆրանսիան ներկայացրեց ամռանը: Ի պատասխան ԱՄՆ-ը սպառնում է 100% մաքսեր ներմուծել ֆրանսիական ապրանքների նկատմամբ, իսկ Փարիզն, իր հերթին, խոստանում է վճռականորեն արձագանքել ողջ Եվրամիության մակարդակով:
«Ցավալի է, որ մենք չիրականացրեցինք Բիարիցում G7 գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը, քանի որ թե Եվրոպային, և թե ԱՄՆ-ին ձեռնտու էր հարկը կարգավորել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մակարդակում: Դա կլինի բազմակողմանի հարկ առանց սահմանափակումների և կողմնակալության: Թվային հատվածի հարկումը կախված կլիներ յուրաքանչյուր կոնկրետ երկրի իրական հատվածի հետ փոխհարաբերություններից: Մենք կտեսնենք, թե բանակցություններն ինչի կբերեն առաջիկա շաբաթներին, բայց ամեն դեպքում պատասխանը կլինի համաեվրոպական մակարդակում, քանի որ մենք խոսում ենք ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ Եվրոպայի մասին»,-Թրամփի հետ մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը անարդար է, քանի որ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ առևտրում կորցնում են հսկայական փողեր, տարեկան միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ, իսկ ավելի ճշգրիտ՝ տարեկան 150 միլիարդ դոլար:
«Մենք չենք ուզում, որ սա շարունակվի: Մենք չենք ցանկանում, որ սա շարունակվի: Մենք կարող ենք գալ համաձայնության կամ գնել առճակատման։ Բայց ես դա չեմ ցանկանում, քանի որ այստեղ մեր ընկերներն են, մարդիկ, որոնց հետ մենք ունենք բացառիկ հարաբերություններ։ Այնպես որ, ես վստահ եմ, որ կարող ենք գտնել որոշումը»,-ասաց Թրամփը։
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կարող է միջնորդել այս վեճում։