«Մահացե՞լ է» արդյոք ՆԱՏՕ-ն
Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում անցկացվում է ՆԱՏՕ-ի 70-րդ հոբելյանին նվիրված գագաթնաժողովը, որն ավելի շուտ հիշեցնում է հոգեհանգստի արարողություն, քան թե ինչ-որ հանդիսավոր միջոցառում։ Նման տխուր հուզական ֆոնի պատճառը հարցն է, թե վերջապես ՆԱՏՕ-ն «մահացել է», թե՞ դեռ վերակենդանացման հույսեր կան։ Յոթ տասնամյակ առաջ ստեղծված ռազմական դաշինքի անկենսունակ լինելու մասին նախորդ ամիս խոսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտարարելով, որ կառույցի «ուղեղը մահացել է»։ Որպես նման ախտորոշման պատճառ Մակրոնն առանձնացրել էր ՆԱՏՕ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ունեցած վերաբերմունքը և Թուրքիայի վարած քաղաքականությունը։
Հակադարձելով Ֆրանսիայի նախագահին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն հայտարարեց, որ առաջին հերթին նախագահ Մակրոնը պետք է ստուգի՝ «թե իր ուղեղը մահացած է»։ Պակաս կոշտ չէր նաև Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը նախօրեին Մակրոնի այդ խոսքերը գնահատեց «անհարգալից» և «շատ, շատ տհաճ»։ Մակրոն-Թրամփ լեզվակռիվը շարունակվեց նաև երեկ Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ երկու նախագահները բավականին թեժ խոսքեր փոխանակեցին։ Այս ամենից հետո էլ Մակրոնը նախօրեին վերահաստատեց իր խոսքերը, ասելով, որ չեն կարող գումար դնել և վճարել իրենց զինվորների կյանքով՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսին պետք է լինի ՆԱՏՕ-ն:
Ֆրանս-ամերիկյան հարաբերություններում լարվածության մեկ այլ աղբյուր է «առևտրային պատերազմը»։ Ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա նոր հարկատեսակի սահմանման՝ ԱՄՆ նախագահը սպառնում է բարձրացնել մաքսատուրքերը ֆրանսիական գինու, պանրի, կոսմետիկայի և ձեռքի պայուսակների վրա։
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ սպառնում է արգելափակել ՆԱՏՕ-ի բոլոր հայտարարությունները, նաև Բալթիկ երկրների համար ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանը, եթե ՆԱՏՕ չընդունի Թուրքիայի գնահատականը, որ Սիրիայում մարտնչող քրդական կազմակերպությունները ահաբեկչական են։ Մակրոնն էլ նշում է, որ իրենք համաձայն չեն Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպության բնորոշման հետ, որը «YPG-ն և մյուսներին» ներկայացնում է որպես այդպիսին։ Այս որակավորմանը դեմ է նաև ԱՄՆ-ը։
Արժանահիշատակ է, որ Թրամփը ոչ վաղ անցյալում նույնպես խիստ քննադել էր ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հնացած», և կոչ արել դաշնակիցներին՝ վճարել անվտանգության համար իրենց «արդար բաժինը»։
Այսօր քննարկումները Լոնդոնում շարունակվելու են։ Եվ եթե նույնիսկ հաջողվի ընդունել գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթ, մի բան ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն որպես հավաքական անվտանգություն ապահովող կառույց ճգնաժամի մեջ է։ Գուցե դեռ վաղ է արձանագրել նրա մահը, բայց որ կենսագործունեության հետ կապված լուրջ խնդիրներ կան, ընդունում են բոլորը։
Պատճառներից առաջինը թերևս այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ում գոյության իմաստի փնտրտունքները առանձնակի հաջողություն չի ունեցել։ «Ո՞վ է ՆԱՏՕ-ի թշնամին», «ու՞մ դեմ է ուղղված դաշինքը» գոյաբանական հարցեր են, որոնց պատասխանների շուրջ կոնսենսուս չկա։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնի հարցազրույցում առաջնային խնդիր էր համարում հենց այս հարցը։ ՆԱՏՕ որոշ անդամների համար կառույցի հիմնական ախոյանը Ռուսաստանն է, կարծիք, որը չեն կիսում Մակրոնը և նաև Էրդողանը։
Ռուս-թուրքական հարաբերությունները այժմ վերելքի վրա են, և Թուրքիան նույնիսկ խախտել է անվտանգային «կարմիր գծեր»՝ գնելով ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ ՆԱՏՕ-ում առկա խնդիրների մյուս կարևոր պատճառը եվրոպական դաշնակիցների վերաբերյալ ԱՄՆ ներկայիս նախագահի վարած անկանխատեսելի ու անկայուն քաղաքականությունն է։ Ճիշտ է, ԱՄՆ «խաղաղօվկիանոսյան շրջադարձ» կատարելու անհրաժեշտության մասին քննարկումները սկսվել են ավելի վաղ, բայց Թրամփի հախուռն արտաքին քաղաքականությունն էլ ավելի է սրել եվրոպական անվտանգության համակարգի խնդիրը։ Հարկ է նշել նաև, որ Ֆրանսիայի փորձերը՝ ստանձնելու Եվրոպայում առաջնորդողի դերը, հատկապես անվտանգության հետ կապված հարցերում, միանշանակ չեն ընդունվում։ Այդ է պատճառը, որ ՆԱՏՕ-ի մահվան մասին ֆրանսիական ախտորոշումը հակասական գնահատականների տեղիք տվեց։
Ինչևէ, երեկ Մեծ Բրիտանիայի թագուհին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների պատվին ընդունելություն էր կազմակերպել։ Հուսանք, որ թագավորական ընտանիքի հմայքը և մատուցված շամպայնը կօգնեն ՆԱՏՕ-ի առաջնորդներին այսօր խելամիտ լուծումների գալ։
Տեսանյութը՝ Global News-ի։