Բողոքարկելու ենք՝ պահանջելով վերացնել քննիչի անօրինական որոշումը. Սերժ Սարգսյանի փաստաբան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ուղիղ եթերում պարզաբանել է, թե որքանո՞վ է իրավաչափ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշումը:
«Անցյալ ուրբաթ Սերժ Սարգսյանը որպես վկա հարցաքննության կանչվելու ծանուցագիր է ստացել՝ այսօր ներկայանալու համար: Երբ Սարգսյանը ներկայանում է հարցաքննության, քննիչն ասում է. «Գիտեք, կասկածանքի շուրջ է հարցաքննվելու»: Սա առաջացրեց շատ լուրջ իրավական խնդիր, քանի որ պարոն Սարգսյանին հարցեր պետք է ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված որոշակի գործողությունների մասին:
Սահամադրությունը ՀՀ նախագահին օժտում է անձեռնմխելիությամբ և այս իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար, հաղթահարվե՞լ է, արդյոք, անձեռնմխելիությունը, թե՞ ոչ:
Նույն պահին առարկեցինք, որ պարոն նախագահն անձեռնմխելի է, սակայն դա ոչինչ չփոխեց: Հարցաքննությունը շարունակվեց ՝ կասկածյալի կարգավիճակով: Քննությունն ավարտվելուց հետո կատարվել է առերեսում՝ այլ անձի հետ: Այն ավարտվեց 16:10 , իսկ 16:12 –ին արդեն քննիչը սեղանից շրջեց փաստաթղթերը, որոնք վերնագրված էին ՝ որպես մեղադրանքի որոշում:
Սա առնվազն կախարդանք կարող է լինել...,ինչպես կարող էր վեց թերթից կազմված որոշումը քննիչը երկու րոպեում գրանցել, տպել և այլն: Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար ոչ մի արժեք չուներ, որոշումն արդեն ընդունված էր, կրկնում եմ՝ արդեն ընդունված էր:
Մենք համոզմունք ունենք, որ որոշումն ընդունված չէր ՀՔԾ-ի շենքում, երկու րոպեում մեր աչքի առաջ պտտվեցին թղթերը և «ալե-հոպ» դարձավ որպես մեղադրյալ, այսինքն՝ որոշումը կայացված էր և զուտ ձևական պրոցեսը պահպանելու համար կանչվեց պարոն Սարգսյանը հարցաքննության»,- ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են կարճ ժամկետում նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում, որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին ՝ պահանջելով վերացնել քննիչի անօրինական որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում
- Արթուր Դանիելյան.Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա
- ՀՔԾ. Մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին