Հայաստանում՝ «Կեր, աղոթիր, սիրիր»
Այն մասին, թե ինչպես Երևանում գտնել Ֆրանսիան, Հայաստանում ուր գնան բնությունը սիրողները, ուր՝ ճարտարապետության սիրահարները: Այս ամենի մասին՝ Ռիա նովոստիի նյութում:
«Հայտնի «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի անվանումը Հայաստանում զբոսաշրջիկների համար գործողությունների իդեալական պլան է: Այնտեղ տալիս են համեղ խորոված՝ մեծ կտորներով, իսկ տեղական կոնյակը հայտնի է ոչ պակաս, քան հայկական ռադիոն:
Աղոթելու տեղ էլ կա. 1-ին դարից այստեղ կառուցել են եկեղեցիներ և վանքեր, մինչև հիմա պահվում են մեծագույն մասունքներ, օրինակ, Սուրբ գեղարդը, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը (նման արտեֆակտ ամբողջ աշխարհում ընդամենը 4-ն են): Դե իսկ չսիրահարվել հյուընկալ Հայաստանին՝ ուղղակի անհնար է»,- գրել է ռուսական գործակալությունը:
Լավ է սկսել երկրի ուսումնասիրությունը մայրաքաղաք Երևանից: Տնտեսելու համար կարելի է, օրինակ, թռչել Գյումրիի օդանավակայան, որտեղից 2-3 ժամում կհասնեն Երևան: Արագ, բայց Երևանի հետ ամբողջական ծանոթանալու համար գիդերը խորհուրդ են տալիս զբոսնել «Կասկադ» ճարտարապետական համալիրով: Հաջորդ կանգառը կարող է լինել Ֆրանսիայի հրապարակը, որտեղ գտնվում է քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքներից մեկը: Այն Հայաստանին է նվիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այդտեղից ոչ հեռու գտնվում է օպերայի և բալետի թատրոնը, Երևանի ամենանոր փողոցներից մեկով՝ Հյուսիսային պողոտայով քայլելով՝ կարելի է հասնել Հանրապետության հրապարակ:
Երևանից ընդամենը 50 րոպեից կարելի է հասնել Սևան՝ Կովկասում ամենամեծ լիճը: Սևանա լիճը նաև աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է:
«Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը»,- նշված է նյութում:
Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»:
Տեղի բնակիչները Սևանն անվանում են քմահաճ. նրա գույնն, իրոք, կախված է երկնքի գույնից: Նաև, համաձայն հնագույն լեգենդի, լճից կարող էին ջուր խմել միան աստվածներն ու աստղերը:
Նշվում է, որ աշունը Հայաստանի բնության հետ ծանոթանալու ամենաիդեալական ժամանակն է: Մինչև նոյեմբերի կեսերը տաք եղանակ է, ծառերը բազմագույն տերևներով: Բայց տարվա այդ շրջանում գլխավոր գրավչությունը հասուն պտուղներն են: Դեղձի բերքը գրեթե հավաքված է, ավարտվում է ձմերուկի և սեղի սեզոնը, բայց դեռ կարելի է գնել:
Հայաստանում նաև կարելի է փորձել համեղ միս, կաթնամթերք և գինի:
«Տեղի խնջույքներն այսպիսինն են. կանաչի, պանիր, լոլիկ, խորոված, տապակած հավ և այս ամենն ուղեկցվում է հիանալի գինիներով: Եվ ինչպիսինն է այնտեղ խորովածը՝ խոզի խորոված և քաբաբ»,- բացականչում է «Պարեր աստղերի հետ» ժյուրիի նախագահ, պարուսույց Ստանիսլավ Պոպովը:
Դիլիջանը Երևանից 100 կմ է հեռու: Տեղի ջուրը փառաբանել է դեռ Ռուբիկ Խաչիկյանը «Միմինո» ֆիլմից: «Մեզ մոտ՝ Դիլիջանում, բացում ես խոհանոցի սովորական ծորակը, ջուր է հոսում. երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում», - «Միմինո» ֆիլմում ասում է Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսը։ Քաղաքում տեղադրված է ֆիլմի հերոսների հուշարձանը, կողքին աղբյուր է՝ հենց այդ հայտնի ջրով:
Նյութում նշվում է Դիլիջանի ազգային պարկի մասին: Կաղնու, սոճու անտառների, լեռնային լճերի շուրջ գտնվում են հնագույն եկեղեցիներ: Դրանցից մեկը կոչվում է Հաղարծին, որը նշանակում է «Արծիվների խաղ»:
Ռուսական գործակալության նյութը պատմում է նաև Գեղարդի և Տաթևի վանքերի մասին:
Տաթևի ճոճվող սյունը, որը հայտնի է նաև Գավազան անվամբ, միջնադարյան ճարտարապետական եզակի կառույց է: Այն կառուցվել է 904 թվականին Տաթևի վանական համալիրի բակում: Ութ մետր բարձրությամբ ութանկյուն այս սյան գագաթը պսակված է խաչքարով և նվիրված է Սուրբ Երրորդությանը: Այն կառուցվել է լծակի վրա հիմնված հատուկ տեխնիկայով, որը թույլ է տալիս, որ սյունը ճոճվի սեյսմիկ ցնցումների և, անգամ, պարզապես ձեռքով դրան դիպչելու ժամանակ և այնուհետև կրկին վերադառնա իր սկզբնական դիրքին: Այնտեղ է գտնվում նաև ՏաԹևեր» ճոպանուղին, որը գործում է 2010 թվականից:
Շաքի գետի վրա՝ Որոտանի կիրճում է գտնվում Շաքիի ջրվեժը: Զբոսաշրջիկները բնությանը հրաշքը բնութագրում են՝ «շատ բուռն և գեղեցիկ»: Ավանդույթի համաձայն, թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։
Սիսիան քաղաքի մոտ է գտնվում նախապատմական մեգալիթյան կառույց Քարահունջը, որի շուրջ գիտնականները վիճում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին