Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
23 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 4-ին, ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանը։
Ազատը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: Փոքր տարիքից զբաղվել է կարատեով և բռնցքամարտով, հաղթել է մի շարք մրցույթներում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի խոհարարական բաժինը։
Մայրը պատմում է, որ գյուղում ում համակարգիչը փչանար, Ազատն էր նորոգում: Որոշել էր, որ բանակից վերադառնալուց հետո սովորելու է բուհում և ծրագրավորող է դառնալու։
2015 թվականի հունվարի 14-ին կիսատ թողնելով ուսումը զորակոչվում է բանակ՝ Ջաբրայիլ. Արցախում ծառայելը նրա ցանկությունն էր։
«Բանակ տանելու օրը ինձ չթողեց գնալ զինկոմիսարիատ, ասում էր՝ մամ, անընդհատ լացելու ես, ավելի լավ է չգաս, որ ես էլ չնեղվեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմել է նրա մայրը՝ Վեհանուշը։
Ազատն 8 ամիս մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում, բայց ծնողներն այդ մասին չեն իմացել։ Ընկերները ծնողներին պատմել են, որ Ազատը շատ էր սիրում երգել Արամեի «Քեզ սիրում եմ մամա» երգը: Նրա ձայնը լսում էին նաև ազերի զինվորները. «Ընկերներն այնքան են գոռացել Ազատ ցած իջի, որ մի օր առավոտյան արթնացել են թուրքերի գոռալուց։ Նրանք Ազատ, Ազատ են կանչել, իսկ տղաս կատակել է՝ տեսնու՞մ եք, ապագա հերոսի անունն են ասում։ Այդ դեպքից օրեր անց՝ ապրիլի 1-ին, նորից դիրքեր են բարձրանում ու որդիս հերոսանում է»։ Նաև պատմել են, որ դիրքում քարերի վրա նշել է իր անունը՝ ԱԶԱՏ ու ասել. «Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել»:
Ազատը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 112 մարտական դիրքը պաշտպանելիս: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ.
փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Ազատ Սիմոնյանի մասին հարցազրույցն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան