Փաստինֆո. Դատարանը բավարարել է Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից։
Աղբյուրը հիշեցնում է՝ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարել է, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար, սակայն Գևորգ Կոստանյանը, ով գտնվում է ՌԴ-ում, հայտարարեց, որ նշված ժամկետներում չի կարող ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Նա նշեց, որ Հայաստան կվերադառնա ուսումնական դասընթացի կիսամյակն ավարտվելուց հետո, քանի որ Մոսկվայում դասախոսություններ է կարդում ԲՈՒՀ-ում։
Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ ՀՔԾ-ն ձեռնպահ է մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։
Գ.Կոստանյանի փաստաբանը հայտարարել է, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Գևորգ Կոստանյանի գործով քրեական հետապնդման մարմիններից
- «Փաստ». Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան
- «Հրապարակ». Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը
- Կոստանյանի զգուշացումը իրավապահներին. «Ովքեր թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են պատասխանատվություն»
- Գևորգ Կոստանյան. Ես Հայաստանից մեկնելու եմ