Լիտվայի նախագահ. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, մի օր դա տեղի կունենա
Լիտվայի Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը նոյեմբերի 14-ին ծավալուն հարցազրույց է անցկացրել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։
Ներկայացնում ենք Լիտվայի նախագահի հետ հարցազրույցի՝ Թուրքիային և հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածի թարգմանությունը։
Վլադիմիրաս Լաուչիուս․ Դուք կարևորում եք ընդհանուր արժեքները՝ որպես «բարեկամության դաշինքների» հիմք: Բայց ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից:
Գիտանաս Նաուսեդա․ Շատ բարդ հարց է: Փաստացի, Թուրքիան փոխվում է: Մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:
Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ:
Վլադիմիրաս Լաուչիուս․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և որը, ավելին, ճանաչվել է Լիտվայի և, վերջերս էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանության փաստը: Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը:
Գիտանաս Նաուսեդա․ Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ [Հայոց ցեղասպանության ճանաչում] ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին