Կանգնած եմ և ուղիղ էլ պետք է ասեմ. Ատոմ Ջանջուղազյան
«140+11 առաջարկներից ընդամենը 4-ն էին իմը, բայց դրանցից 3-ը խոշոր առաջարկներ էին։ Ես դրանք ներկայացրել էի, որովհետև կար դրա համար անհրաժեշտություն։ Օրինակ, առաջարկել էի, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքում կառուցվի նոր դպրոց, որովհետև դպրոցը վերանորոգման որևէ հույս չունի, և ենթակա էլ չի։ Հակառակ դեպքում կտայի վերանորոգման առաջարկ»,-այս մասին այսօր խորհրդարանում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Անդրադառնալով իր մյուս առաջարկներին՝ Սամսոնյանը նշեց, որ նաև անդրադարձել էր Արարատ քաղաքում 30 տարվա կիսաքանդ շենքի շինարարությունն ավարտին հասցնեն. «Առաջարկել էի, որ Ծարավ Աղբյուր թաղամասը, որն ամբողջությամբ բնակեցված է երիտասարդ, աճող ընտանիքներով, կառուցել դպրոց։ Սակայն իմ առաջարկները չեն ընդունվել և ես ուզում եմ, որ դուք հիմա կանգնեք և ուղիղ ասեք, թե ինչու չեք ընդունել իմ առաջարկները»։
Պատասխանելով Սամսոնյանի հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այլընտրանք չունի՝ կանգնած եմ և ուղիղ էլ պետք է ասեմ։
«Բայց ասածս նաև իր մեջ մի քիչ հարց է պարունակելու։ Էդ առաջարկները, որ ներկայացվել են, մնացած առաջարկների համատեքստում քննարկե՞լ եք։ Հիմա դուք էնպիսի հարց ձևակերպեցիք, որ չընդունելը մեղմ ասած լավ բան չի։ Բայց ես էդպես չեմ վերաբերվում, որովհետև Ձեր առաջարկը կրտված է կոնտեքստից։ Այսինքն՝ մենք հիմա ասում ենք դպրոց կառուցենք, դուք ասում եք՝ կոնկրետ այ էս տեղում դպրոց կառուցեք։ Բայց ինչի՞ շրջանակում։ Մենք վերլուծել ենք, իրավիճակը քննարկել ենք, հասկացել ենք՝ ունենք ռազմավարական ծրագիր, առաջնահերթությունները մշակել ենք։ Մեզ համար կարևոր է համոզվելը, որ այդ միջոցառումը տալու է էն արդյունքը, ինչ մեզ համար նպատակային է։ Հակառակ դեպքում, վստահ եմ, որ լավ ցանկություններ դուք էլի ունեք»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Սամսոնյանը նշեց, որ առաջարկներն արվել են կառավարության տրամաբանությանը համահունչ։
«Ձեր կառավարությունը խոսում է որակյալ կրթության անհրաժեշտության մասին։ Եվ խոսում է այն մասին, որ կրթությունը մեզ համար այն կարևորագույն սկզբունքն է, որ մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Օրինակ, անենք տնտեսական հեղափոխություն, զարգացնենք երիտասարդ, ուժեղ, կրթված սերունդ։ Էդ հայտարարությունները շատ են եղել, և հիմա ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում դպրոց կառուցելը մեզ համար անհրաժեշտություն չէ և կոնտեքստից կտրված է։ Արևաբույր համայնքում մարդիկ 30 տարի պայքարել են, որ դպրոց ունենան, հներից հույս չեն ունեցել, նորերի հետ հույս ունեն։ Դուք էլ ասում եք, որ հիմա դա ձեր համար առաջնահերթություն չէ»,- նշեց Սամսոնյանը։
Ջանջուղազյանն ափսոսանք հայտնեց, որ իր պատասխանից պատգամավորը ենթադրել է, որ դպրոց կառուցելը կառավարության համար առաջնահերթություն չէ. «Բայց դա չի նշանակում, որ Ձեր առաջարկած դպրոցը պետք է լինի առաջնահերթ, և հատկապես Ձեր առաջարկած սոցիալական այս կամ այն խմբի նկատմամբ Ձեր պատկերացրած վերաբերմունքը պետք է լինի առաջնահերթ։ Դրանք էլ են առաջնահերթ, բայց դրանց մեջ մենք մեր հնարավորություններին համարժեք պետք է մոտենանք»։