Պատգամավորները ծափահարություններով ողջունեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աշխատակիցներին
Այսօր ԱԺ-ում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն ընդհատվեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ։
«Իմ քայլը» խմբակցության Վահագն Հովակիմյանին մինչ հարցեր ուղղելը, ԱԺ նախագահը ասաց.
«Տեղեկացնեմ, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին (այսօր դեկտեմբերի 5-ն է-խմբ.) Ազգային Ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աշխատակիցները, ողջունենք նրանց»։
Ի պատասխան նիստին մասնակցող պատգամավորները ծափահարեցին։
Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր գործունեության գերակա նպատակ է սահմանել ազգային, համաշխարհային, դասական ու ժամանակակից երաժշտական ստեղծագործություններն ու ստեղծագործողներին հանրությանը ներկայացնելը:
Հայպետֆիլհարմոնիայի ամենախոշոր ծրագիրը «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն է: Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները իբրև բանախոսներ ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը եւ ստեղծագործությունները:
Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար՝ հանրապետության լավագույն կոլեկտիվների և մենակատարների մատուցմամբ:
Համերգները տեղի են ունենում ինչպես «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում: «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն իր մասնաճյուղերն ունի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Վանաձորում, ինչպես նաև Արցախում:
Ֆիլհարմոնիան իրականացնում է համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, համագործակցում է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է գործում Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների համույթը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Գրիգորյանին պաշտոնանկ անելու որոշումը չընդունվեց
- Ստեղծվեց Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան