Կառավարությունը նորից թույլ տվեց ներկրել աջ ղեկով մեքենաներ, բայց որոշակի պայմաններով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություններ մտցնել համապատասխան որոշման նախագծում, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել «թեթև մարդատար ավտոմոբիլների» տողով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը նշեց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Մաքսազերծելուց հետո դրանք կհաշվառվեն ՀՀ ոստիկանությունում ու ազատ կշահագործվեն Հայաստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:
«Ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի», - նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ պետք է քննարկել, թե արդյոք համաձայն են, որ փոփոխված մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն Հայաստանում: Ըստ նրա, պետք է նոր ժամկետ որոշել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ Ավինյանի հետ լրիվ համաձայն է. «Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք կամ տեխզննման միջոցով խնդիրը չլուծենք, կպարզվի, որ վթաների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունը արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»։
Վարչապետն առաջարկեց խնդրի լուծման համար խումբ ձևավորել. «Եկեք պայմանավորվենք, որ այս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք այս կարգի մեքենաների ճանապարհը»։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նկատեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել՝ սա էլ ենք անում ու էլ չենք անում։
«Այսինքն՝ հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում, թե Վրաստանի արհեստավորը էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողնում աշխատի: Հիմա մենք որոշումը փաստորեն կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր։ Վատ որոշում ենք կայացրել», - արձագանքեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում աջակողմյան կամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել: «Արագ պետք է լուծենք այդ հարցը»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան