Բյուջեի 10%-ը տվեք, մենք կազմենք հիանալի հիմնավորումներով ծրագիր. Բագրատյան
Եթե նշվում է, որ 2020 թ-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է 46 առաջարկություն, ապա պետք է նաև նշել՝ դրանից և ոչ մեկը չի կատարվել։ Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորի խոսքով՝ անձամբ ներկայացրել է 120 մլն դրամի ծրագիր, որը վերաբերում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի դպրոցի հիմնանորոգմանը, ինչպես նաև ներկայացրել է Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի կոյուղագծի վերանորոգման ծրագիր։
«Ձեր կարծիքով՝ Դուք դա անեք, կասեն՝ Բագրատյան Սերգե՞յն է անում, թե՞ Կառավարությունը։ Եթե խնդիրը ներկայացնում ենք, կարո՞ղ է մեր անձնական շահի համար ենք անում կամ էդ կոյուղին մեր տանն են քաշելու։ Ռազմավարական ծրագրո՞վ եք ուզում, խնդրեմ, բյուջեի ծախսային մասի 10 տոկոսը տվեք, մենք կազմենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով ծրագիր։ Կամ էլ թողեք մեր ազդեցությունը լինի բյուջեի 10 տոկոսի վրա, և համեմատենք Ձեր արած 90 տոկոսն ու մեր արած 10 տոկոսը։ Այ, համեմատության մեջ մենք կտեսնենք՝ ո՞րն է ճիշտ պլանավորումը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե վստահ չէ, որ հասկանում է՝ ինչ նկատի ունի Սերգեյ Բագրատյանը, երբ ասում է՝ 10 տոկոսը տվեք մեզ։
«Ոնց որ մի տեսակ ուրիշ տպավորություն է ստեղծվում դրանից։ Ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը, ինչի՞ 10 տոկոսի մասին է խոսքը։ Ո՞ւմ տանք, պարոն Բագրատյան»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ թող իրենց առաջարկը ձևակերպեն։
Ինչ վերաբերում է պատգամավորի այն դիտարկմանը, թե իրենց անձնական շահի համար չեն անում և իրենց տան համար չեն, Ատոմ Ջանջուղազյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ այնպիսի տպավորություն չկա չէ՞, որ եթե ինչ-որ բան մերժվել է, ուրիշի տուն տանելու նպատակադրմամբ է մերժվել։ Հետևաբար, ոչ մեկն այդպես չի ընկալել, եթե դուք այդպես եք ընկալում, ես դրա համար ափսոսում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավո՞ր է 4 մլրդ աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում աճ ունենալ. Մելքումյան
- Կանգնած եմ և ուղիղ էլ պետք է ասեմ. Ատոմ Ջանջուղազյան