Բերբերյան. Թվերը սիրունացնում են, ավելացնում, որ Փաշինյանը վատ աշխատանքի համար չնախատի
Հայաստանում մրգի, բանջարեղենի արտադրության ծավալները նվազել են։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ որպես իր ասածի ապացույց վկայակոչելով նախորդ տարվա համեմատ այդ ապրանքների թանկացումը։
Ազգային վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած տվյալներն էլ փաստում են թանկացման մասին։ Ըստ այդմ, 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5% և 20.1% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում՝ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.6%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.1% գնաճ:
Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5% գնաճ:
«Արտադրությունը նվազել է, որքան էլ վիճակագրական վարչությունը թվեր նկարի։ Հիմա ես հարց կտամ նույն վարչության աշխատակիցներին՝ ո՞ր արտադրողից եք վերցրել այդ թվերը։ Գնանք մի գյուղացուց, ֆերմերից հարցնենք, իրենք թիվ տվե՞լ են, կասեն` ոչ։ Գյուղապետարաններն են այդ թվերը փոխանցել, իսկ նրանց կանոնադրության մեջ նման բան չկա»,-ասաց բանախոսը։
Բերբերյանի ներկայացմամբ, գյուղապետերաններն այս տվյալները տալիս են մարզետարաններին։
«Մարզպետարանները նայում են՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իրենց կնախատի՞ աշխատանքի համար, թե՞ ոչ։ Ասում են՝ եկեք սիրուն նկարենք, թվերը մի քիչ ավելի ցույց տանք։ Վերջին 15 տարին հենց այսպես է եղել»,-ասաց ՀԿ նախագահը՝ ավելացնելով, որ թվեր արտագրողը ոչ մի կապ չունի այդ թվերի հետ։
Գյուղատնտեսը նշում է, որ այս գործընթացի արդյունքում ստացվում են կեղծ թվեր, իսկ գյուղատնտեսության իրական պատկերը չի երևում։
«Պետությունը պետք է հասկանա, որ արտադրողն իր գործընկերն է, պետք է լինեն օրենսդրական լուրջ փոփոխություններ, ծրագրերը հասցնենք հենց արտադրողներին, ոչ թե միջանկյալ կառույցներին։ Մենք պետք է հետևենք նաև դրսի պահանջարկին։ Սա այն Հայաստանն է, որ չորս տարի առաջ 54-55 հազար տոննա կարտոֆիլ էր արտահանում, հիմա ներկրում ենք, բա գետինը չե՞ք մտնում»,-նշեց նա։