Գեղամ Գևորգյան. Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ
Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են:
Օրվա առթիվ ուղերձ է հղել ՏՆՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ընդգծելով, որ տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս կյանքի կոչվել, երբ իրապես ապահովված են արդար և բարեխիղճ մրցակցության խաղի կանոնները:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ տնտեսության մեջ ունենք դրական զարգացումներ: Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը, ինչը դրական ազդեցություն է ունենում մրցակցային միջավայրի վրա:
Սակայն շատ կարևոր է, որպեսզի նաև համընդհանուր գիտակցում լինի, որ երկրում արդար և բարեխիղճ մրցակցությունից կախված է յուրաքանչյուրիս բարեկեցությունը. չէ՞ որ մրցակցությունից շահում են թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները և թե՛ պետությունը»,-ասված է ՏՄՊՊՀ նախագահի խոսքում։
Նա շնորհավորել է Մրցակցության միջազգային օրվա առթիվ և մաղթել, որ մեր բոլոր ապրանքային շուկաներում գերիշխի միայն բարեխիղճ մրցակցությունը, և այդ մրցակցությունից ստեղծվեն բիզնեսի հաջողության նոր պատմություններ՝ հարստացնելով մեր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիներին: