Թվայնացող կրթության զարգացումը բավականին լուրջ խնդիրներ է առաջ բերում. Թամարա Վարդանյան
«Կրթության ոլորտի խնդիրները բազմազան են։ Խնդիրների մեծ մասն ունի համաշխարհային բնույթ։ Օրինակ ճգնաժամ են ապրում հումանիտար ոլորտները, դրանք անցել են երկրորդ պլան, և աշխարհը զարգացնում են տեխնո և թվային ուղղությունները»,- այս մասին այսօր «Կրթությունը XXI դարում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով, թվայնացող կրթության զարգացումը բավականին լուրջ խնդիրներ է առաջ բերում. «Դա համաշխարհային միտում է, բոլորը գնում են թվայնացման հետևից, բայց պետք է հասկանալ, որ միգուցե էստեղ էլ կարող են խնդիրներ առաջանալ, և մենք պետք է նաև կանխարգելիչ գործողություններ կատարենք։ Եթե մենք համատարած գնում ենք թվայնացման, ապա արդյունքը որն է լինելու։ Չէ որ ինչ-որ աշխատատեղեր կարող են փակվել, ինչ-որ մասնագիտություններ ընդհանրապես վերանալ։ Այդ պատճառով պետք է գիտնականին խոսելու հնարավորություն տան, քանի որ նրանք ոլորտի խնդիրներն ավելի լավ են տեսնում և ավելի ճիշտ արձագանք կարող են տալ՝ ներկայացնելով ազատական համակարգի ներդրման դրական և բացասական կողմերը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ պետություն ենք և ես հույս ունեմ, որ ազգային պետություն ենք։ Այս դեպքում պետք է ազատական համակարգը համատեղենք պետականի հետ»։
Անդրադառնալով Բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխությունների նախագծին՝ Թամարա Վարդանյանը նշեց, որ կողմնակից է հայագիտական առարկաների մակարդակն էլ ավելի բարձրացնելուն։
«Ես կողմնակից եմ, որ նաև երկրորդ կուրսում ուսանողներն անցնեն և՛ հայոց պատմություն, և՛ հայոց լեզու առարկաները։ Գիտեք, խոսքի մշակույթը շատ կարևոր է։ Մենք ունենք ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ովքեր հրաշալի մասնագետներ են, բայց նրանք առաջին հերթին պետք է կարողանան իրենց մտքերը հայերենով ներկայացնել։ Ես կարծում եմ, որ հայագիտական առարկաները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար։ Եվ դրանց դասավանդման մակարդակը պետք է միայն բարձրանա, այլ ճանապարհ մենք չունենք։ Եկեք մենք մեզ հարց տանք. մենք ուզում ենք ուղղակի ֆիզիկոսներ ու քիմիկոսներ ունենալ, թե ուզում ենք հայ ֆիզիկոս, հայ քիմիկոս ունենալ։ Եթե ազգովի պատասխանենք, որ մեզ ուղղակի ֆիզիկոս է պետք, թող նա լինի անգլիական կամ ռուսական ինքնության կրող, այս դեպքում մենք կարող ենք հայագիտական առարկաները դնել մի կողմ։ Բայց մենք ուզում ենք հայկական պետություն զարգացնել»,- եզրափակեց խոսքը Թամարա Վարդանյանը։