Երբեմն ավելի լավ է ոչինչ չանել, որ բոլորը, ինչպես նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն. Փաշինյան
Կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է և հանդիպում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նպատակաուղղված ենք ՀՀ-ում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ, փառք Աստծո, դա սկսել է մեզ մոտ ստացվել»,- նշեց վարչապետը։
Սակայն, ըստ նրա, բախվում են որոշ խնդիրների. «Երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ ինչի իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, որ բոլորը՝ համակերպված հուսահատության հետ, ինչպես նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն»։
Վարչապետի խոսքով՝ սա լուրջ պրոբլեմ է, քանի որ Հայաստանում 30 տարի կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ գործողությամբ, եթե նման փորձ արվի երկիրը կկանգնի կոլապսի և ձախողումների առաջ։
«Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում, միշտ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել ու բռնել ծառայությունը մատուցողի կոկորդից, որ առաջին իրենց մատուցի, որ հերթի տրամաբանությունը խախտվի, ինչը լուրջ քաղաքակրթական խնդիր է»,- հայտարարեց վարչապետը։
Կառավարության ղեկավարն ուրախությամբ խոսեց տարբեր կառույցներում, մասնավորապես, բանկերում, հերթը կարգավորող մեքենաների մասին՝ կարևորելով դրանց դերը։ Նրա խոսքով՝ պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնեն հերթագրող մեքենաների տեղադրումը։