Աջակցություն՝ սփյուռքահայերին ՀՀ-ում իրենց տեխնոլոգիական սթարթափ գաղափարները գրանցելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը հայկական ծագումով տեխնոլոգիական տաղանդների ներուժի ներգրավման միջոցով. լավագույն բիզնես ծրագրերին տրամադրվելու են դրամաշնորհներ:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է 80,000.9 մլն դրամի չափով կատարել միջծրագրային վերաբաշխում: Ըստ հիմնավորման՝ շուրջ 24 մլն դրամն անհրաժեշտ է ուղղել սփյուռքից ժամանող մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման կամ փոխհատուցման ծախսերն իրականացնելու համար:
Առաջարկվում է դրամաշնորհը տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության ՀԿ-ին: Միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. դեկտեմբերի 16-20-ը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը նաև ունի դրական երկրորդային ազդեցություն Հայաստան հայրենադարձության վրա, քանի որ ծրագրի արդյունքում հաղթող սթարթափները պարտավոր են գրանցել իրենց սթարթափը Հայաստանում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 օրյա բութքեմփ սթարթափների համար, որի ընթացքում տեխնոլոգիաների ոլորտի բիզնես քուչերի և մենթորների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություն և աջակցություն մրցութային հանձնաժողովի առջև իրենց սթարթափի ներկայացմանը նախապատրաստվելու համար: Բուն միջոցառման վերջին օրը սթարթափները կներկայացնեն իրենց գաղափարները, լուծումները և բիզնես ծրագիրը մրցութային հանձնաժողովին: Հաղթողների համար նախատեսված են մրցանակներ՝ դրամաշնորհի տեսքով։