Յունիսեֆ. Ավելի քան 140 000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) նոր տվյալների՝ 2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140. 000 մահ է գրանցվել։ Աշխարհում կարմրուկի վարակման դեպքերն ավելացել են՝ բռնկումներ առաջացնելով բոլոր տարածաշրջաներում։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փոխանցմամբ, զոհերի մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են։ Ավելի հավանական է, որ նորածիններն ու փոքրիկ երեխաները կարմրուկի վարակի ու դրանից բխող բարդությունների, օրինակ՝ թոքաբորբի և էնցեֆալիտի զոհ դառնան։ Ավելին, կարմրուկի վարակը կարող է նաև հաշմանդամություն առաջացնել՝ ուղեղի վնասվածք, տեսողության կամ լսողության կորուստ։
Վերջին տվյալները փաստում են, որ կարմրուկը առողջության վրա կարող է ավելի երկաժամկետ հետք թողնել՝ ամիսներ ու տարիներ շարունակ վնաս հասցնելով իմունային համակարգին։ Իմունային համակարգի «հիշողության կորուստը», իր հերթին, կարմրուկը հաղթահարած անձին խոցելի է դարձնում այնպիսի մահացու հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են գրիպը և փորլուծությունը՝ ոչնչացնելով մարմնի իմունային համակարգի պաշտպանության մեխանիզմը։
«Անընդունելի է, որ նախորդ տարի այդքան երեխա է մահացել ամբողջովին կանխարգելելի հիվանդությունից, ինչը փաստում է, որ որևէ տեղ հայտնված կարմրուկի վարակը վտանգավոր է ամենուր ապրող երեխաների համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Երբ նշանակալի թվով երեխաներ պատվաստումներ չեն ստանում, ամբողջ համայնքին են վտանգի առջև դնում։ Մենք այս օրինաչափությունը նկատում ենք, օրինակ, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, որտեղ այս տարի կարմրուկը ավելի քան 4500 երեխայի կյանք է խլել»։
Կարմրուկին կարելի է հաղթել պատվաստումների միջոցով։ Միայն նախորդ 18 տարիների ընթացքում կարմրուկի դեմ պատվաստանյութը աշխարհում 23 միլիոն մարդու կյանք է փրկել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում պատվաստման ծածկույթը հետզհետե նվազել է։ Ըստ ԱՀԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ աշխարհում 2018-ին երեխաների 86%-ը ստացել է կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ անհրաժեշտ երկրորդ չափաբաժինը ստացել են երեխաների միայն 70%-ը։ Յուրաքանչյուր երկրի ու համայնքի բնակչությանը վարակից պաշտպանելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բնակչության 95%-ը պատվաստված լինի կարմրուկի դեմ երկու դեղաչափով։
2018-ին կարմրուկով վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ուկրաինայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիայում։ Այս 5 երկրներում է գրանցվել աշխարհի կարմրուկով վարակվելու դեպքերի կեսը։ Այս տարի նույնիսկ Միացյալ Նահանգներում գրանցվել է վերջին 25 տարվա ամենաբարձր ցուցանիշը, իսկ Եվրոպայի 4 երկրներ՝ Ալբանիան, Հունաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը կորցրել են «կարմրուկից ազատ գոտի» լինելու կարգավիճակը։
Տարածաշրջանը հայտարարվում է կարմրուկից ազատ գոտի, եթե այնտեղ ավելի քան 12 ամսվա ընթացքում վարակման դեպք չի գրանցվել։ Հետևաբար, երկիրն այլևս «կարմրուկից ազատ գոտի» չէ, եթե վարակը վերադառնում է և մեկ տարվա ընթացքում վարակման մի քանի կամ բազմաթիվ դեպքեր են գրանցվում։
Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, որի կազմում են Ամերիկայի կարմիր խաչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի հիմնադրամը, ՀՎԿԿ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԳԱՎԻ՝ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը, աջակցում են երկրներին ճիշտ արձագանքել կամրուկի բռնկումներին՝ պատվաստումների վերաբերյալ ճգնաժամային արշավների միջոցով։
Իրավիճակը Հայաստանում՝
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կարմրուկի հերթական դեպքն է արձանագրվել
- Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք
- Մասնագետը վստահեցնում է՝ Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ չկա