Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
Մոտ 20 տոկոս աղքատություն ունեցող Երևանի իշխանություններն այս տարի 278 մլն դրամ կամ 750 հազար դոլար կտրամադրեն ամանորյա միջոցառումների համար։ Դրա փոխարեն քաղաքային իշխանությունները խոստանում են հեքիաթային տոնակատարություններ, այնպես, որ երևանցիները դեռ երկար հիշեն Երևան 2020-ի ամանորը։
Տոնակատարությունները կանցնեն, լույսերն ու մյուզիքլները կավարտվեն, Բրեգովիչը կերգի, բայց երևանցին կհիշի այն խնդիրների մասին, որոնց ամեն օր բախվում է։
Բնակարանից քաղաքացին հենց դուրս եկավ, առնչվելու է խարխլված վերելակին, կանգառում երկար սպասելուց հետո տրանսպորտ նստել չի կարողանա, նստելուց էլ կռացած վիճակում ժամեր կանցկացնի խցանումների մեջ ու կհիշի ոչ թե հեքիաթը, այլ իշխանություններին ու նրանց անգործությունը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Երևանի բյուջեի համեմատ բավականին մեծ գումար է համարում ծախսվելիք 750 հազար դոլարը։
Panorama.am-ի հետ զրույցում նա նկատեց, Երևան քաղաքի համար առկա են առաջնահերթություններ՝ հասարակական տրանսպորտը, վերելակները, ուսումնական հաստատությունները, ճանապարահաշինությունը, կարելի էր այդ գումարն առավել արդյունավետ ծախսել։
«Քաղաքապետարանն իր հնգամյա ծրագրում նշել է առաջնահերթությունները՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, և վստահաբար կարող ենք նշել, որ դրանց թվում ժամանցային ծարգրեր չեն մտնում»,-ասաց Պարսյանը։
Տնտեսագետի հետ փոքրիկ հաշվարկ արեցինք, թե ինչ կարելի էր բարեփոխել այդ գումարով։
Օրինակ, մեկ նոր վերելակ տեղադրելը կարժենա 7-8 հազար դոլար, հետևաբար 750 հազար դոլարով կարելի էր տեղադրել մոտ 100 վերելակ։ Հիշեցնենք, որ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին: Այս պահին փոխարինման ենթակա 3500 վերելակ կա։
Պարսյանի հաշվարկով, մի քանի տասնյակ մանկապարտեզ կարելի էր վերանորոգել։ Մեկ վերգետնյա անցում կառուցելու համար մոտ 20-22 մլն դրամ է հարկավոր, այսինքն 14 նման անցում կարելի էր սարքել, կարելի էր այդ գումարով 75 խաչմերուկ կահավորել, ինչի արդյունքում բազմաթիվ կյանքներ կարող են փրկվել։ Կարելի էր որոշ չափով լուծել վթարային շենքերի բնակիչների հարցը։
Եթե 2-3 սենյականոց բնակարանի արժեքը 50-55 հազար դոլար է, ապա կարելի էր անօթևան 15 ընտանիքի տանիքով ապահովել։
«Միանշանակ դա մեծ գումար է Երևանի համար։ Եթե օրինակ նախատեսված լիներ խոշոր միջազգային փառատոն, մրցույթ, գուցե տրամաբնական լիներ։ Կարծում եմ, այս մեծ ծախսը պայմանավորված է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում հնչեցրած կոչով, երբ բոլորին հրավիրեց Ամանորը դիմավորել Երևանում։ Սա կարելի է դիտարկել նաև հրահանգ քաղաքապետարանին միջոցառումները ճոխ կազմակերպելու համար։ Բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ տուրիստական մեծ հոսք չի նկատվում, ապացույցն էլ այն է, որ մեր հյուրանոցները չունեն խոշոր պատվերներ, ամրագրումներ»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ վկայակոչելով իր փորձագիտական հարցումները։
Նա պնդում է, որ ծախսը լինելու է չարդարացված, քանի որ զուտ վարչապետի հայտարարությամբ մարդիկ չեն գալու Հայաստան, դրան պետք է նպաստեն նաև ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպում-հանրահավաքին սփյուռքահայերին կոչ արեց Ամանորը դիմավորել Հայաստանում:
«Եվ ուզում եմ առաջարկ անել բոլոր ներկաներին. ցավոք սրտի երկար տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ Նոր տարին, Սուրբ ծնունդը շատ հայաստանցիներ նշում են Հայաստանից դուրս: Մենք այսօր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում մտածում ենք, որ այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Երևանը սովորաբար Ամանորին բավականին դատարկված է լինում, և մենք ուզում ենք այնպես անել, որ այս տարվա Ամանորին Երևանի փողոցները և հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով: Սովորաբար Երևանի կենտրոնում ռեստորաններն ամանորյա օրերին փակ են լինում, միջոցառումներ չեն լինում: Հիմա մենք մի հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Ձեզ բոլորիդ հրավիրենք: Այս տարի սփյուռքը Նոր տարին, Ամանորը նշում է մայրաքաղաք Երևանում»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- 277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
- Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա
- Աթոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ քաղաքացիների անվտանգ երթևեկությունը չեն ապահովում
- Երևանում ինը կազմակերպություններ տարբեր պատճառներով հրաժարվել են երթուղիների սպասարկումից
- Հայաստանում անօթևաններն ավելացել են
- Աթոյան փողոցի բնակիչները ՃՈ-ին հորդորում են կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ անել
- Մարդու տրամադրությունն առավոտից փչանում է Երևանի որոշ կանգառների տեսքից
- Կես ժամ անձրևից հետո երևանցիներին նավակ է պետք
- Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում