Գյումրին պետք է ազատվի տնակներից. վարչապետ
«Պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ 2020թ-ին պետական բյուջեն, այո, հեղափոխական է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանեզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին լրանում է 1988թ-ի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցը, և հաջորդ տարվա բյուջեն, ըստ նրա, հեղափոխական է նաև աղետի գոտու առումով, քանի որ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գուտու խնդիրներին՝ 3 միլիարդ դրամ:
«Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: Ուզում եմ արձանագրել, որ 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ-ի ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի ուրիշ տրամաբանությամբ։ Դրա իմաստը հետևյալն է՝ սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխել զարգացման տրամաբանության։ Պետք է մենք աղետի գոտում խոսենք զարգացման երկարատև ռազմավարություններ իրագործելու մասին»,- ասաց վարչապետը։
Որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ՝ վարչապետը ձևակերպեց հրամայականը՝ Գյումրին պետք է ազատվի տնակներից:
«Սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավարություն, բայց դա չի նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտականություն: Մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք, ամեն մեկի նկատմամբ կլինի անհատական մոտեցում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տնակները Գյումրիի զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է։
Դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ վարչապետն ասաց, որ այս առումով պարզ մանիպուլյացիաներ են իրականացվում։
Իրականում, ըստ նրա, ընդամենը ներդրումները կազմել են 2.23 մլրդ դոլար, աճը՝ նախորդ շրջանի համեմատ՝ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս։
«Հիմա բավարարո՞ւմ է արդյոք մեզ 456 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումները: Ոչ, չի բավարարում: Բայց կա՞ պրոցես սրա հետ կապված, իհարկե, կա»,- նշեց նա՝ հավելելով, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի վարկանիշն աճել է:
Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրողները նայում են այս վարկանիշներին. «Հետևում են պրոցեսներին, չեն կարող առավոտ արթնանալ ու չամադաններով փողը բերել Հայաստան»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրականում ուզում են՝ ավելի լավ լինի:
«Բայց պետք է հասկանալ տրամաբանությունը՝ մենք հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտները ավելացրել ենք: 2018-ի համեմատ 353 մլրդ դրամ եկամուտ է ավելացել: Մեկ ու կես տարվա ընթացքում 353 մլրդ դրամ, դուք պատկերացնո՞ւմ եք ինչի մասին ենք մենք խոսում: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն, մենք բարձրանում ենք սանդուղք, որն ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք, անպայման պետք է անցնենք բոլոր աստիճաններով: Լավ, կարանք լոնքերով թռնենք, երկու-երկու թռնենք, հիմա մենք 4 ենք թռնում: Մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12 թռեք: Չի կարող լինել այդպիսի բան, ընդհանրապես ոչ մեկ չի կարող նման բան անել։ Չնայած մեզ դուր է գալիս, որ մեզ ասում եք՝ 12 թռեք, 24 թռեք: Տենց դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշներ խոսում են շատ կարևոր բանի մասին, որ այն գաղափարախոսությունը, որը դրվել է ՀՀ տնտեսական ռազմավարության հիմքում, այդ գաղափարախոսությունն աշխատում է: